Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին աճել են շինարարական աշխատանքների ծավալները եւ այդ ոլորտին հատկացված գումարներն ու ներդրումների քանակը:

Մեծածավալ շինարարություն է իրականացվում հատկապես Ստեփանակերտում: ԼՂ քաղաքաշինության նախարարության տվյալներով` այս պահին Ստեփանակերտում ութ օբյեկտներում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը «աննախադեպ ակտիվ» գնահատեց ԼՂ-ում իրականացվող շինարարության ոլորտի տեմպերը: Նա հայտնեց, որ միայն 2011 թվականին բյուջեով կապիտալ ներդրումների համար նախատեսված գումարը կազմել է 9 միլիարդ 300 միլիոն դրամ: Եվս 4 միլիարդ 92 միլիոն դրամի շինարարություն էլ նախատեսված է արտաբյուջետային ներդրումների հաշվին: Այս թիվը, Շահրամանյանի խոսքով, զգալիորեն տարբերվում է նախորդ տարիներին հատկացված կամ ներդրած գումարներից:

«Բնակարանաշինության ոլորտն է, դպրոցաշինություն, մշակութային եւ սպորտային օբյեկտների շինարարություն, ճանապարհաշինություն... իսկ, օրինակ, առողջապահության ոլորտի զարգացումը իրականացվում է արտաբյուջետային միջոցների հաշվին` կոնկրետ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության ֆինանսավորման», - ասաց Շահրամանյանը:

Այս տարի ավարտին են հասցվել ԼՂ-ի 12 դպրոցների կառուցման կամ վերանորոգման աշխատանքները, շինարարական աշխատանքները շարունակվում են եւս 3 դպրոցներում եւ 13 դպրոցներում էլ նոր շինարարական աշխատանքներ են սկսվել:

Ըստ վիճակագրական տվյալներ` ԼՂ-ում իրականացվող շինարարության մեծ մասը բնակարանաշինությունն է, իսկ կառուցվող բնակարանների զգալի մասն էլ կառուցվում են սոցիալական ծրագրերի շրջանակներում:

«Ստեփանակերտի «Արցախ» թաղամասի աշխատանքները այս տարի ավարտելու ենք, արդյունքում ունենալու ենք 224 բնակելի տուն: Այս թաղամասում կառուցված շենքերը հատկացվելու են եւ սոցիալապես անապահով խավի ընտանիքներին, եւ Պաշտպանության բանակի սպաներին, եւ մի մասն էլ կայուն վարկավորման ծրագրով վաճառվելու է նորաստեղծ կամ բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին», - ասաց Շահրամանյանը:

Վերջին 3 տարիներին պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքների համար կառուցվել են 63, վերանորոգվել` 45 բնակելի տներ, 132 ընտանիք էլ փոխհատուցում է ստացել բնակելի տների վերանորոգման կամ գնման համար: Վերաբնակ ընտանիքների համար կառուցվել է 40, վերանորոգվել` 73 տուն, 49 ընտանիքի էլ տրվել է փոխհատուցում:

Նշենք, որ ԼՂ-ում բնակարանաշինություն իրականացվում է ոչ միայն Ստեփանակերտում: Քելբաջարում առաջիկայում շահագործման կհանձնվի 24 բնակարան ունեցող բնակելի շենք: Արցախի ներդրումային հիմնադրամի եւ այլ ծրագրերով Ասկերանում ու Շուշիում եւս շահագործման են հանձնվել եւ շարունակվում են կառուցել բնակելի շենքեր եւ առանձնատներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG