Մատչելիության հղումներ

Այսօր խուլերի միջազգային օրն է: Ցավոք, հասարակությունը նրանց խնդիրներին անդրադառնում է միայն այս օրերին:

Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր իրավունք ունեն հասարակության լիիրավ անդամ լինելու: Խոսքս հաշվանդամների անարգել տեղաշարժի ու խուլերի հասարակության մեջ ինտեգրվելու մասին է:

Հրաչյա Թութուրխանյանը 18 տարեկան է: Սովորում է լսողության խանգարումներ ունեցող հատուկ կրթահամալիրում: Հրաչյան չի լսում, բայց տեսնում, հասկանում ու ընկալում է այն, ինչ կատարվում է իր շուրջը: Նա պատմում է, որ դպրոց գնացել է զրո դասարանից ու ուսումնական առաջին օրերն իր համար տարօրինակ էին. ժեստերի լեզուն անհասկանալի էր, հետո նայում էր մեծերին ու կրկնօրինակում: Ընկերացավ բարձր դասարանցիների հետ ու հասկացավ, որ այդ դպրոցում սովորում են լսողության խնդիրներ ունեցող երեխաները: Հրաչյան հիմա ունի ժեստերի լեզվով անուն, ընկերներ: Դպրոցն իր համար դարձել է երկրորդ ընտանիք:

«Ես ուզում եմ շատ սովորել, ես ուզում եմ բանկային գործ սովորել, ուզում են համակարգչի լավ մասնագետ դառնալ ու ես գիտեմ, որ կարող եմ, ես ուզում եմ դառնալ Հայաստանի խուլերի միավորման նախագահ: Իմ մոտ ուսման ծառավ կա», - ասում է Հրաչյան:

Հրաչյան պատմում է, որ հաճախ մարդիկ մտածում էին, որ ինքը կարդալ չգիտի.- «Բերում էին գիրքն ու ասում էին կարդա, դու կարդալ չգիտես, բոլորը մտածում էին, որ եթե ես խուլ եմ, ուրեմն կարդալ էլ չգիտեմ, գիտելիք չունեմ, ես ուրեմն ուրիշ խնդիրներ էլ ունեմ»:

Բայց Հրաչյան ուրախ է, որ այսօր ինչ-որ չափով փոխվել է մարդկանց վերաբերմունքը խուլերի նկատմամբ:

«Հիմա մի տեսակ լսողների ու խուլերի միջեւ համերաշխություն ա, հիմա կրքերը հանդարտվել են, մենք լավ ընկերներ ենք դարձել: Աղջիկներին նաեւ ժեստերի լեզու եմ սովորեցնում, տղաները մի քիչ լոպազ են, իսկ աղջիկ ուսանողները մոտենում են ու խնդրում, որ սովորացնեմ»:

Հրաչյան չի սիրում, երբ իրենց համր են ասում: Ասում է, որ ինքը երբեք լուռ չի մնում. ինքը խոսում է, խոսում է ժեստերի լեզվով. - «1951 թվականի խուլերը հավաքվել են Հռոմում եւ որոշել են 1957 թվականից սեպտեմբերի 4-րդ կիրակին նշել խուլերի միջազգային օրը»:

Լսողության խանգարումներ ունեցող հատուկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը նշում է, որ այսօր իրենց կրթահամալիրում սովորում է 156 աշակերտ հանրապետության տարբեր մարզերից, նաեւ` Ջավախքից ու Արցախից: Աշակերտները ստանում են միջնակարգ ու մասնագիտական կրթություն: 8-րդ դասարանից սովորում են կոշկակարություն, վարսահարդարում, հանսանյաց պարագաների ձեւավորում, կար ու ձեւ: Ավագ դպրոցում արդեն ընտրում են մասնագիտություն:

Ավետիսյանի խոսքով, երեխաները խնդիրներ են ունենում հասարակության տարբեր ոլորտներում: Պատճառը թարգմանիչների քիչ քանակությունն է: Իրենք դասընթացներ են կազմակերպել առողջապահության ոլորտի աշխատողներ հետ ու այս նախաձեռնությունը լիելու է շարունակական:

18-ամյա Հրաչյան նշում է, որ շատ կցանկանար, որ հեռուստատեսությամբ եթեր թողարկվող բոլոր ծրագրերը լինեին սուրդոթարգմանությամբ: Նշում է, որ ինքը կարդում է թերթեր, օգտվում է ինտերնետից, բայց կցանկանար ինֆորմացիային տիրապետել նաեւ հեռուստատեսության միջոցով:

Տեր Եսայի քահանա Արթենյանը միակն է եկեղեցու սպասավորներից, որ ուսումնասիրել է ժեստերի լեզուն: Նա նշում է, որ սկզբում շատ խուլ երիտասարդներ տարբեր աղանդներով էին տարվում: Աղանդավորները շահարկում էին խուլերի չլսելու փաստը` ասելով, որ կբուժեն աղոթքի միջոցով:

Քահանան սա համարում է մարդու իրավունքների դեմ ոտնձգություն. - «Արդեն 8 տարի է ես հանդիպումներ եմ կազմակերպում երեխաների հետ թե' դպրոցում, թե' եկեղեցում: Նրանք մասնակցում են պատարագներին, ուխտագնացություններին, եկեղեցու կազմակերպած բոլոր միջոցառումներին: Ու հիմա աղանդավորները շնորհիվ ինձ, ուսուցիչների ու դպրոցի տնօրինության, այնտեղ մուտք չունեն, երեխաներից էլ հեռու են մնում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG