Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի ութին Արենի գյուղում երրորդ անգամ տեղի կունենա գինու փառատոնը: Փառատոնի կազմակերպիչների խոսքերով, նպատակը գինին պրոպագանդելը եւ զբոսաշրջիկներին գրավելն է:

Փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանն ասաց, որ հաշվի առնելով անցյալ տարվա սխալները, այս տարի բարելավել են հյուրերին առաջարկվող պայմանները. - «Կարծում եմ սոված եւ ոչ գինովցած մարդ չի մնա: Այս տարի գյուղացիները իրենց տները կտրամադրեն հյուրերին հանգստանալու համար, որովհետեւ անցած տարի մենք այդ խնդիրը ունեցել ենք, որ մարդիկ նստելու, հանգստանալու տեղ չունեին»:

8 գինեգործական կազմակերպություններ Հայաստանից եւ 7-ը Լեռնային Ղարաբաղից կմրցեն լավագույն գինի արտադրողների անվանակարգում: Մրցույթ կլինի նաեւ լավագույն տնական գինի պատրաստողների միջեւ եւ «Լավագույն գինու պիտակ» անվանակարգում:

«Այն զբոսաշրջիկը, ով կնկարի ուրվագիծ գինու պիտակի համար եւ հաղթող կճանաչվի, կստանա մրցանակ եւ 100 շիշ լույս կտեսնի այդ պիտակով», - ասաց Նունե Մանուկյանը:

Նախորդ տարիներին եղել են 2000-3000 հյուրեր, այս տարի կազմակերպիչները նախատեսում են հյուրընկալել մոտ 5000 մարդու: Նունե Մանուկյանի խոսքերով, էստոնական 8 տուրօպերատորներ հատուկ այդ օրվա համար զբոսաշրջիկների խմբեր են բերելու Արենի: Զբոսաշրջիկներ կլինեն նաեւ Ռուսաստանից, Իսպանիայց եւ Ֆրանսիայից:

Գինեգործ Միհրանը գինի է արտադրում 1993 թվականից: Գինին քաշում են ընտանիքով եւ ընկերներով: Չնայած հիմա կան պատրաստման նոր միջոցներ, իրենց գինին փորձում են պատրաստել հին տեխնոլոգիաներին հետեւելով, որովհետեւ, ըստ նրա, լավագույն գինու գաղտնիքը դրա պատրաստման գործընթացին հնարավորինս քիչ միջամտելն է:

Նրա խոսքերով, այժմ հայերիս մոտ գինին զիջել է իր դիրքերը այլ խմիչքներին՝ մասնավորապես օղուն, որն օգտագործելու սովորույթը մեզ մոտ մնացել է խորհրդային շրջանից:

«Մեր ժողովուրդը ավելի հեռու է կանգնած գինուց, քան աշխարհի մյուս երկրների ժողովուրդները: Լավ կլիներ, որ վերականգնվեր մեր հայկական գինի օգտագործելու սովորույթը, որովհետեւ, իմ կարծիքով, հայկական գինին աշխարհի ամենալավ գինիների շարքին կարելի է դասել», - ասաց Միհրանը:

XS
SM
MD
LG