Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահին


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:

Զրույցի ժամանակ Բունդեսթագի նախագահը անհրաժեշտ է համարել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բոլոր ուղղություններով գործակցության խորացումը` նշելով, որ համագործակցության զարգացման չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարեւորել է Հայաստանում ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ հարաբերությունների ընդլայնումը թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ ձեւաչափերով ու հայ - գերմանական համագործակցությունը դիտում որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում:

Նշելով, որ Հայաստանը կարեւորություն է տալիս Եվրամիության Արեւելյան գործընկերությանը, Հովիկ Աբրահամյանը հավելել է. - «Հայաստանն ակնկալում է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման քայլերին եւ ծրագրերին, մասնավորապես` ԵՄ-ի Արեւելյան գործընկերության շրջանակում»:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ - թուրքական հարաբերություններին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Լամերտը նշել է, որ 2005 թվականին Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը եւ հայերի բռնի տեղահանումը դատապարտող բանաձեւ, որտեղ նաեւ նշվել եւ դատապարտվել է Գերմանիայի կառավարության դերակատարությունը այդ հարցում: Բունդեսթագի ղեկավարը հայտնել է, որ մի քանի տարի առաջ ապրիլի 24-ին Բեռլինում մասնակցել է հայ համայնքի կողմից կազմակերպված արարողությանը, որտեղ խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը Նորբերտ Լամերտին հրավիրել է Հայաստան. հրավերը ընդունվել է:

Երեկ երեկոյան Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Բեռլինի մեծ համերգասրահում մասնակցել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին եւ պաշտոնական ընդունելությանը:

Համերգը տեղի է ունեցել Ազգային ժողովի եւ Գերմանիայի Բունդեսթագի նախագահների բարձր հովանու ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG