Մատչելիության հղումներ

«Հարավային Կովկասը պետք է վերածվի տնտեսական եւ քաղաքական մի ընդհանրության»


Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան:

Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան:

«Ես համարում եմ, որ Հարավային Կովկասը մի օր պետք է վերածվի տնտեսական եւ քաղաքական մի ընդհանրության, եւ այդ համատեքստում Վրաստանը պետք դառնա համաձայնեցման, հաշտեցման, այլ ոչ թե առճակատման վայր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը համարվող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիան:

Ըստ Ալասանիայի, ով նախկինում իր երկրի դեսպանն է եղել ՄԱԿ-ում, Վրաստանի համար եվրոպական ինտեգրացիան առաջնահերթություն է, սակայն, դա «կարեւոր ու հնարավոր է նաեւ հարավկովկասյան մյուս երկրների համար». - «Մենք դա պետք է անենք համագործակցաբար ու միասին` վերստին միմյանց ճանաչելու, խոսելու եւ շփվելու ճանապարհով: Նույն համագործակցության ոգով էլ հարկ է առաջնորդվել գերտերությունների հետ հարաբերությունները կառուցելիս»:

Ընդդիմադիր գործիչը քննադատեց Վրաստանի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը. - «Կարծում եմ, նախագահ Սահակաշվիլու հիմնական սխալն այն է, որ նա խաղում էր գերտերությունների հակասությունների վրա: Մենք պետք է փոխենք այդ մտայնությունը: Դրա համար անհրաժեշտ ռեսուրսը, իմ կարծիքով, կա»:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարավկովկասյան երեք պետություններին` Վրաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին, ապա, Ալասանիայի խոսքով, եկել է ժամանակը, որպեսզի այս երկրներն իրենց մեջ ուժ գտնեն հաղթահարելու «80-ականներին ու 90-ականներին բնորոշ անվստահության շրջանն» ու իրերը ճիշտ գնահատելով ուղղակի խոստովանեն, որ տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության ապագան մեր ձեռքերում է:

«Ո'չ ԱՄՆ-ն, ո'չ Բրյուսելը, ո'չ Մոսկվան, ո'չ Թուրքիան դա չեն ապահովի», - հավելեց նա:

Անդրադառնալով հարավկովկասյան հակամարտություններին` Իրակլի Ալասանիան համոզմունք հայտնեց, որ դրանք, «մարդկային տառապանքներ ու ցավ բերելուց բացի, բացարձակապես որեւէ խնդիր չլուծեցին». - «Մի հարցում համոզված եմ` ինչպես ղարաբաղյան, այնպես էլ վրաց-աբխազական ու վրաց -հարավօսական հակամարտությունները ռազմական լուծում չունեն»:

«Իբրեւ բանակցային գործընթացներում երբեւէ մասնակցած, ինչպես նաեւ հակամարտությունում շատ մերձավոր բարեկամի կորցրած մարդ, ես կարող եմ ասել` բանակցություններով հարցը լուծել հնարավոր է, կա վստահության ռեսուրս», - շարունակեց Իրակլի Ալասանիան` հավելելով, որ այդ խնդիրների կարգավորմանը մեծապես կնպաստեն նաեւ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների` մտավորականների, արվեստի գործիչների, գործարարների, փոխշփումներն ու համատեղ ձեռնարկները:

Ինչ վերաբերում է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակասություններին, ապա Ալասանիան վստահ է, որ դրանք եւս պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, ու դա պետք է սկսել հենց այսօրվանից` չսպասելով, որ ռուսներն իրենց զորքերը հանեն երկրից: Նրա համոզմամբ, նախագահ Սահակաշվիլու որդեգրած այդ վարքագիծը սխալ է եւ որեւէ արդյունքի չի հանգեցնի:

Պարզաբանելով Վրաստանի կրոնական փոքրամասնություններին առնչվող վերջին աղմկահարույց օրենքի շուրջ կրքերի շիկացման պատճառները` Իրակլի Ալասանիան կարծիք հայտնեց, որ դա մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ խորհրդարանական մեծամասնությունը, առանց վրաստանյան հանրության ու եկեղեցու հետ նախագիծը քննարկելու եւ պարզաբանելու, արագորեն վավերացրեց խորհրդարանում:

«Հետո ամեն ինչ պարզ դարձավ, վրաց եկեղեցին էլ հանդես եկավ ժողովրդին ուղղված համապատասխան կոչով` նաեւ նշելով, որ հայկական եկեղեցու հետ բանակցությունները շարունակվում են», - հավելեց նա:

Իսկ ընդհանրապես, Ալասանիան կարծում է, որ դա այն հարցը չէ, որով պետք է զբաղվի պետությունը: Նման խնդիրները, ըստ նրա, պետք է քննարկվեն ու կարգավորվեն միջեկեղեցական բանակցությունների միջոցով:

«Առհասարակ, ինչ խնդիրներ եք տեսնում` կապված Վրաստանի ազգային փոքրամասնությունների հետ» հարցին Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդը արձագանքեց, թե բավարար չի համարում ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում. - «Ազգային փոքրամասնություններն ու առաջին հերթին մեր հայկական համայնքը, պետք է ավելի ներգրավված լինեն քաղաքական կյանքում թե' մայրաքաղաքում եւ թե' ռեգիոններում: Ես, օրինակ, ցանկանում եմ ավելի շատ հայերի տեսնել խորհրդարանում: Իմ կուսակցությունը ներգրավելու է հայ թեկնածուների, եւ նրանք կդառնան այն քաղաքականության իրական մասնակիցը, որին հիմա չեն հավատում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG