Մատչելիության հղումներ

Բաղդադում ալկոհոլային խմիչքների բիզնեսը վտանգավոր է


Տեսարան Բաղդադից
Տեսարան Բաղդադից
«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը գրել է Իրաքի մայրաքաղաքում ալկոհոլային խմիչքների բիզնեսի մասին։

Նահանգապետ Սալեհ Աբդել Ռեզաքը ասել է, որ Բաղդադի նահանգում 96 գրանցված ալկոհոլային խմիչքների խանութներ կան, գումարած` առանց արտոնագրերի աշխատող խանութներ, որոնց քանակը հայտնի չէ։

«Ֆրանսպրես»-ը գրում է, որ դա վտանգավոր բիզնես է, որին ուղեկցում է ռմբակոծությունների, կրակոցների, կողոպուտների վտանգը։

Անցած հուլիս-օգոստոսին 30 հարձակում է կատարվել ալկոհոլային խմիչքների խանութների վրա։

Բաղդադի կենտրոնում գտնվող փոքր խանութը հարձակման ենթարկվածներից մեկն է։ 36-ամյա Շաքիրը պատմել է, որ հուլիսին խանութը ռմբահարել, պայթեցրել են։

Շաքիրը, որը վախեցել է հայտնել իր ազգանունը, Իրաքի հյուսիսային շրջանից է, ազգությամբ` եզդի։ Նա ասել է, որ վերանորոգումից հետո նորից աշխատում է խանութում, որովհետեւ այլ աշխատանք չկա։

«Ես հույս ունեմ ուրիշ գործ գտնել, որովհետեւ մենք թիրախ ենք», - ասել է Շաքիրը, ով 8 երեխա ունի եւ ամիսը 800 հազար Իրաքի դինար (մոտ 680 դոլար) է ստանում։

Բաղդադի նահանգապետը «Ֆրանսպրես»-ին նաեւ ասել է, թե իր կարծիքով` հարձակումների դրդապատճառները կարող են բարոյական եւ գաղափարական լինել։

Իրաքի որոշ նահանգներում, այդ թվում Շհիթում, Քարբալայում եւ Նաջաֆում, ալկոհոլային խմիչքների վաճառքը տեղական օրենքներով ընդհանրապես արգելված է։

Մահմեդականությունը արգելում է ալկոհոլը, եւ խանութները թիրախ են դառնում արմատական խմբավորումների համար` հատկապես, որ խանութներում սովորաբար աշխատում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։

Բայց բոլոր հարձակումները չէ, որ կրոնական դրդապատճառներ ունեն։

Շաքիրի խանութին մոտ գտնվող մեկ այլ խանութ կողոպտվել է ատրճանակով զինված մի մարդու կողմից։ 2010 թվականի սեպտեմբերին զինվորական համազգեստով կողոպտիչը մոտավորապես 700 հազար Իրաքի դինար է տարել եւ 250 հազար դինարի էլ վիսկի։ Այս մասին պատմել է խանութում աշխատող Ջալալը։

Եզդի Ջալալը նույնպես հյուսիսից է։ «Հարյուր անգամ մտածել եմ թողնել այս գործը, բայց այլընտրանք չկա, մազերս սպիտակում են, երբ մտածում եմ ապագայի մասին», - ասել է Ջալալը, որը կին եւ ինը երեխա ունի, ընտանիքի միակ կերակրողն է եւ 800 հազար դինար է ստանում։

«Ֆրանսպրես»-ը գրում է նաեւ հայ քրիստոնյա Սարգսի մասին, ով երկար ժամանակ զբաղվում է ալկոհոլային խմիչքների բիզնեսով` սկսած 1976 թվականից, երբ 18 տարեկան էր։

Բաղդադի կենտրոնում ալկոհոլային խմիչքներ մատակարարող ընկերությունը շրջափակված է մետաղե բարձր պատերով, որը ամրոցի է նմանվում։ Այստեղ նաեւ փոքր խանութ կա, որտեղից հաճախորդներին բունկերի նմանվող տեղից` մետաղե ձողերի արանքից է խմիչք վաճառվում։ Ահա այստեղ է աշխատում Սարգիսը։

«Նախազգուշական միջոցառումների լուրջ հիմքեր կան։ 2006 թվականի մի գիշեր դիմակավորված անձինք` զինված «Կալաշնիկով»-ներով եւ ատրճանակներով, ավազակային հարձակում կատարեցին մեր ընկերության վրա` սպանելով աշխատակիցներից մեկին։ Հաջորդ տարի քաղաքացիական հագուստներով զինված մարդիկ հարձակվեցին, ոչնչացրեցին խանութի ամբողջ ապրանքը, 200 հազար դոլարի վնաս պատճառեցին։ Մեկուկես տարի մեր ընկերությունը փակ էր», - «Ֆրանսպրես»-ին պատմել է Սարգիսը։

Նա կին եւ հինգ երեխա ունի, ամիսը 1 միլիոն 200 հազար դինար է վաստակում (1000 դոլարից մի փոքր ավելի):

Սարգիսը ասել է, որ կցանկանար հեռանալ այս գործից, կամ ավելի լավ է` հեռանալ Իրաքից, ինչը նրա մտքում արդեն կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG