Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 28-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երկու-երեք ամսից կսկսվի նախընտրական արշավը, եւ տեղական նշանակության ամեն մի իշխանիկ ստիպելու է իր տարածքի բնակիչներին չորսը տակ ծալվել եւ ասել, թե ինչ մեծ բարերար է պատգամավորության տվյալ թեկնածուն, ինչպես է նա մտածում իր ժողովրդի մասին, այ, եթե բոլորը… Եվ այլն: Քաղաքական դեմքերն էլ հարցազրույցների ժամանակ խորիմաստ տեսքով ասելու են` այո, մեզ այդպիսի պատգամավորներ են պետք` նրանք տեղերում կապ են պահպանում բնակչության հետ, լուծում նրանց առօրյա խնդիրները, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: «Մեծ բարերարները» նույնպես լրագրողների հետ զրույցներում բացականչելու են` «Դուք գիտե՞ք` ես էս ժողովրդի համար ինչեր եմ արել»: Բայց ժողովրդի համար նրանց արածները, նույնիսկ եթե նրանք իրենց համերկրացիներին «նայում են» ոչ թե մի քանի ամիս, այլ ողջ 5 տարվա ընթացքում, միեւնույն է` բարեգործություն չի կարելի անվանել: Դա պարզ բիզնես է` ներդրում, որից այնուհետեւ գործարարը ստանում է շահույթ, եւ նա այստեղ հաստատ «տակ չի տալիս». 5 տարի շարունակ մի քանի աղքատ ընտանիքների, ասենք, լույսի վարձը հարյուրապատիկ քիչ է, քան այն օրինական արտոնությունները, որոնք այդ «բարերարը» ստանում է պատգամավորական մանդատի շնորհիվ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հետաքրքիր է` որեւէ մեկը կարո՞ղ է վերջին երեքուկես տարիների ընթացքում շատից-քչից իրականացված գոնե մի ծրագիր մատնանշել: Այսինքն` որեւէ գործ, որ Սերժ Սարգսյանը ձեռնարկած լինի, ու հաջողությամբ պսակվի: Նա ինչին ձեռք է տվել` կատարելապես ձախողվել է (բացի, թերեւս, շախմատի հավաքականից): Ընդ որում` բավական շատ բաների է ձեռք տվել: Օրինակ` նախագահ դառնալուց հետո փորձել է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Եվ ի՞նչ. այսօր այդ հարաբերությունները շատ ավելի լարված են, քան մինչեւ ցյուրիխյան արձանագրությունները: Կամ, ասենք, փորձել է համոզել սփյուռքահայերին, որ ներդրումներ կատարեն Հայաստանում: Եվ ի՞նչ. ոչ մի լուրջ ներդրում չի կատարվել, Հայաստանում բիզնեսով զբաղվող մի քանիսն էլ թողել-գնացել են: Հետո հայտարարել է, թե պիտի պայքարել օլիգարխների եւ օլիգոպոլիաների դեմ: Վերջին երեքուկես տարիների ընթացքում քանի՞ օլիգարխ է պակասել կամ քանի՞ մենաշնորհ է վերացել»:

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը. - «Ուղիղ երեք տարի առաջ` 2008 թվականի հոկտեմբերի 2-ին ժողովրդին ու Ազգային ժողովին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարեց - «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»: Մինչեւ այդ էլ տարբեր առիթներով խոսվում էր Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու ծրագրերի մասին, բայց Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո սա դարձավ պաշտոնական ծրագիր: Այդ պահից անցել է երեք տարի, եւ այսօր կարելի է արձանագրել, որ այդ երկաթուղին այլեւս դուրս է եկել օրակարգից: Դրա մասին արդեն չի խոսվում: Անցած երեք տարիների ընթացքում նույնիսկ չպարզվեց, թե ինչ կարժենա այդ երկաթուղու շինարարությունը: 2010-ի հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հայտարարեց, թե 2011-ի ապրիլին արդեն վերջնականապես հայտնի կդառնան Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մանրամասները, այդ թվում նաեւ` շինարարության արժեքը: Ընկերության լրատվական բաժնից երեկ տեղեկացանք, որ ոչ մի բան էլ չի պարզվել»:

«Երկիր»-ը գրում է. - «Իշխանություն-Կոնգրես երկխոսությունից պարտված դուրս եկավ ամենաշատը երկխոսության ձգտող ուժը, որը դա ինքնադրսեւորման միջոցից վերածել էր ինքնաարտահայտման նպատակի: Հիմա այդ ուժերը գտնվում են այնպիսի վիճակում, որ ստիպում են գտնել հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու նոր պրոցես սկսելու առիթ: Հասարակության համար ներկայացվող նոր պահանջների տեսքով փաստացի նոր ծուղակ է սարքվում: Խնդիրը, սակայն, ոչ այնքան նման հավակնություններն են, որքան դրա համար ազատ մանեւրելու հնարավորությունների ընձեռումը: Այս մեխանիզմը չէր կարող երբեք վերարտադրվել, եթե հասարակական պահանջմունքները բավարար չափով ու հիմնավորապես քաղաքականացված լինեին, եթե դրանք չտրվեին անխնա շահագործման: Առողջ քաղաքական օրակարգը պետք է կառուցվի դրանց եւ հանրության հետ անկեղծ երկխոսության հիմքի վրա»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Տագնապը պատել է հայոց աշխարհը՝ Վլադիմիր Պուտինը վերադառնում է, կնշանակի Ռոբերտ Քոչարյանի վերադարձն էլ անիրատեսական չէ: Այս թեմայի շուրջ ասում-խոսում-քննարկում են այնպես, կարծես Քոչարյանի վերադարձը տարերային աղետի, ասենք՝ երկրաշարժի կամ ցունամիի նման մի բան է, որի դեմ մարդկությունը, տվյալ դեպքում՝ համայն հայությունն անզոր է: Եվ սոսկումի, անխուսափելիության, անզորության մի զարմանալի զգացում է պատել շարքային հայ մարդկանց, քաղաքական գործիչներին, անգամ պետական կառույցներին ու կուսակցություններին: Եթե մի անհատ անձն այնքան հզոր է, որ անկախ այս բոլորի բացասական վերաբերմունքից ու ընդվզումից, ունակ է վերադառնալ, ուրեմն, ինչպես ժողովուրդն է ասում, «հալալ ա իրեն»: Եթե մի ամբողջ ազգի կարողանում է պարտադրել իր կամքը՝ անել այն, ինչ ուզում է, եւ անել այնպես, ինչպես ուզում է, ուրեմն բոլորիցս ուժեղ է, եւ արժե, որ նման մարդիկ կառավարեն մեզ: Բայց սա ընդամենը խոսում է այն մասին, որ հայ հասարակությունն իր ճակատագրի տերը չէ: Սա նաեւ նշանակում է մի ողջ պետություն խաղալիք է իր հարեւան գերտերության ձեռքում, որտեղ կատարվող բոլոր իրադարձությունները հայելային պատճենահանմամբ արտացոլվում են մեր իրականության մեջ, եւ մենք բացարձակապես ոչինչ չենք որոշում»:
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG