Մատչելիության հղումներ

Սենատը հաստատեց Ջոն Հեֆերնին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում


Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, արխիվային լուսանկար
Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, արխիվային լուսանկար
Ամերիկյան Սենատը երեքշաբթի երեկոյան միաձայն հաստատել է Ջոն Հեֆերնին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում։

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի վարչակազմը առաջադրել էր այս տարվա մայիսին: Իր հաստատման հարցով հուլիսին Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, ի պատասխան հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցերի, Հեֆերնը խոսել էր Օսմանյան կայսրության մայրամուտին ավելի քան մեկեւկես միլիոն հայերի սպանության մասին, սակայն խուսափել էր այդ իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: Այդուհանդերձ, սեպտեմբերի 13-ին Սենատի հանձնաժողովը հավանություն էր տվել Հեֆերնի նշանակմանը։

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Միացյալ Նահագները Հեֆերնին հաստատելով ցույց տվեց, որ Հայաստանն առանց դեսպանի թողնել չի ցանկանում. - «Իմ կարծիքով, այս ամենի մեջ լավն այն է, որ Միացյալ Նահանգները որոշել է չթողնել Հայաստանը առանց դեսպանի երկար ժամանակահատվածով, ինչպես դա արդեն մեկ անգամ պատահել է: Նրանք ցանկացան շտապ նշանակում անել»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Հեֆերնի հաստատումից հետո հայտարարել էր, որ իրենք հիասթափված են Սենատի հարցադրումներին Հեֆերնի տված մի շարք պատասխաններից: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ցեղասպանությանը վերաբերող հարցին:

Ամերիկահայ ազդեցիկ մյուս լոբբիստական կազմակերպությունը՝ Ամերիկայի հայկական համագումարը ի սկզբանե վերապահումներ էր հայտնել Հեֆերնի թեկնածության շուրջ` հայտարարելով, որ նա 90-ականներին աշխատել է կոնգրեսական Դագ Բերոյթերի գրասենյակում, ով Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում մշտապես ընդդիմացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, այս ամենը Հեֆերնի համար մի բան է նշանակում. - «Հիմա, երբ Հեֆերնը հաստատվեց, նա մի կարեւոր բան սովորեց այս ամենից` այն, որ Հայոց ցեղասպանությունը մեզ համար կարեւոր հարց է մնում»:

Կիրակոսյանի խոսքով, Հեֆերնի հաստատումը 3 կարեւոր ասպեկտ ունի, որոնցից առաջինն այն է, որ Հեֆերնը ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարն է եղել:

«Երկրորդ զարգացումն այնքան էլ դրական չէ», - շարունակեց վերլուծաբանը: - «Հեֆերնը իր դիվանագիտական կարիերայում հայտնի է ավելի շատ որպես Ասիայի գծով փորձագետ, եւ ոչ Կովկասի հարցերով դիվանագետ: Սա նշանակում է, որ նա այս տարածաշրջանին հատուկ շատ բարդությունների է ականատես լինելու: Երրորդ կարեւոր զարգացումն այն է, որ նրա թեկնածությանը դեմ էին արտահայտվում Վաշինգտոնում Ամերիկայի հայկական լոբբիստական կազմակերպությունները` Սենատի լսումների ժամանակ տված նրա պատասխանների պատճառով: Վստահ չենք, թե Հեֆերնը ինչ դեր կունենա հայ-թուրքական հարաբերություններում»:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով` Հեֆերնի նշանակումը առաջին հերթին պետք է դիտարկել` ելնելով ՆԱՏՕ-ում զբաղեցրած նրա բարձր պաշտոնից: Ցեղասպանության ընդունման եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցում Հեֆերնը ավելի քան զգույշ է լինելու:

«Թուրք-ամերիկյան ռազմական համագործակության մասին քաջատեղյակ մարդ է, ուստի, ես կարծում եմ, ինքը ավելի է գնահատում Թուրքիայի կարեւորությունը եւ ավելի զգույշ կլինի այս հարցում: Թուրքիան այսօր դեռեւս մնում է Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր դերակատար, մասնավորապես` հաշվի առնելով Միացյալ Նահանգների խնդիրները Իրաքում, Աֆղանստանում, թուրք-իրականական հարաբերությունները, ռադարների տեղադրումը Թուրքիայում, որոնք հիմնականում ուղղված են Իրանի դեմ… Այս բոլոր հարցերը տանում են նրան, որ Թուրքիայի դերը եւ ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում աճում են: Ուստի Միացյալ Նահանգները դեռեւս պատրաստ չէ հրաժարվել նման դաշնակցից», - ասաց Շաքարյանը:

Հարցին, թե ինչպիսի դերակատարում կունենա Հեֆերնը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, ինչպիսի դիվանագիտությամբ աչքի կընկնի եւ ինչով կտարբերվի իր նախորդներից, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց - «Հեֆերնը գալիս է այն ժամանակահատվածում, երբ բոլորը սպասում են Թուրքիայի քայլերին` ի պատասխանին հայկական դիվանագիտության: Միացյալ Նահանգները Ադրբեջանի կողմից վտանգի պատճառով Հայաստանի նկատմամբ ավելի բարյացակամ եւ դրական է տրամադրված, քան երբեւէ: Հայաստանին եզակի հնարավորություն է ընձեռվել ավելի շատ օգուտ քաղել այդ ռազմավարական համագործակցությունից: Բայց դեսպանը կարող է ունենալ իր առաջնահերթությունները»:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG