Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը «խիստ ագրեսիվ» է որակում Հայաստանի նախագահի ելույթը ՄԱԿ-ում


Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, արխիվային լուսանկար

Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, արխիվային լուսանկար

Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում կրկնել է ամեն տարի Հայաստանի հասցեին Բաքվի հնչեցրած մեղադրանքները։

Էլմար Մամեդյարովը երեքշաբթի օրը հերթական անգամ ասել է այն մասին, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, եւ որ մեկ միլիոն փախստական ու ներքին տեղահանված առ այսօր ի զորու չեն վերադառնալ իրենց տները։

Մամեդյարովը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993 թվականին ընդունել է 4 բանաձեւ` պահանջելով Հայաստանից դուրս բերել զինված ուժերն Ադրբեջանի տարածքից։ Նա ասել է, թե նման բանաձեւեր են ընդունել միջազգային այլ կառույցներ։

Սակայն Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ելույթում տեղ են գտել նաեւ նոր նրբերանգներ։

Էլմար Մամեդյարովի խոսքերով` առավել մտահոգիչ է այն, որ սեփական ժողովրդին խաղաղության եւ հարեւանների հետ համագործակցության ու բարեկամության նախապատրաստելու փոխարեն, Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ապագա սերունդներին նախապատրաստել նոր պատերազմի, քարոզում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ տարածաշրջանի այլ ժողովուրդների հանդեպ ատելության եւ թշնամանքի վտանգավոր գաղափարներ։

Մամեդյարովը պնդել է, թե հայկական կողմը «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» իրականացնում է ապօրինի գործողություններ, հայերով է բնակեցնում տարածքները եւ ոչնչացնում է այնտեղ գոյություն ունեցող պատմական եւ մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով` Հայաստանն այդպես փորձում է պահպանել գրավյալ տարածքների ստատուս քվոն, իրականացնել ազգային մաքրազտում եւ գաղութացում։

Իր ելույթում Մամեդյարովը նաեւ քննադատել է Հայաստանի նախագահի ուղերձը Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին։

«Ավելի վաղ մենք դարձանք Հայաստանի նախագահի չափազանց ագրեսիվ եւ ոչ կառուցողական ելույթի ականատեսը։ Նա բացահայտորեն հաստատեց, որ Հայաստանն ապակառուցողական քաղաքականություն է վարում», - ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի արտգործնախարարի ելույթի մի նոր նրբերանգն էլ այն էր, որ դրանում տեղ չէին գտել ռազմատենչ ձեւակերպումներ, հարցը հարկ եղած դեպքում ուժով լուծելու սպառնալիքներ։

Նա ասել է, թե Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է եւ պատրաստ է տարածքային ամբողջականության պահպանման դեպքում Լեռնային Ղարաբաղին շնորհել ինքնավարության ամենաբարձր աստիճանը։

Եվս երկու ուշագրավ հանգամանք` Ադրբեջանը սատարում է Պաղեստինի ճանաչմանը, ինչպես նաեւ ցանկանում է 2012-2013 թվականներին ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ. այս հարցով ընտրությունները ՄԱԿ-ում տեղի կունենան հոկտեմբերի 21-ին։

Երկուշաբթի օրը Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է իր թուրք պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանի հետ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել էր ղարաբաղյան կարգավորմանը` առանձնացնելով ազգերի ինքնորոշման իրավունքը:

Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ «փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում»: «Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի», - ասել էր Սերժ Սարգսյանը։ - «Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները։ Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել: Եվ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG