Մատչելիության հղումներ

«Գալիս է պահը, երբ ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ եւ իշխանություններին իր ձայնը հասցնի արդեն ուղիղ կերպով», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` նաեւ ճշգրտելով, թե ինչպես պետք է ժողովուրդը դա անի:

«Հանրահավաքների բազմամարդությամբ, վճռականությամբ եւ կոնկրետ գործողություններով: Քանի որ այս պահը հասունացել է, մենք կոչ ենք անում մեր հասարակությանը, ժողովրդին սեպտեմբերի 30-ին ներկայանալ համապետական հավաքի, որը նորից պետք է գործի որպես ժողովրդի ինքնակառավարման ֆորումը եւ որոշումներ կայացնի` ընդունելով մեր հետագա անելիքների հստակ ծրագիր», - հայտարարեց Զուրաբյանը:

Նրա խոսքով` իշխանությունները զիջումների էին գնում գարնանային հզոր հանրահավաքների ներքո, սակայն հիմա նրանք ակնհայտորեն ճանապարհի կեսին կանգ են առել ու այլեւս որեւէ զիջման չեն գնում` համարելով, որ լարվածությունը թուլացել է: Մինչդեռ ՀԱԿ-ի համակարգողի ձեւակերպմամբ` նրանք չենք հասկանում, որ լարվածությունը թուլացել է հենց այն պատճառով, որ ժողովուրդը սպասում էր երկխոսության միջոցով իր պահանջների կատարմանը:

«Հենց դա էր պատճառը, որ մենք` որպես ընդդիմություն, ժողովրդի ձայնը փորձեցինք հասցնել իշխանություններին երկխոսության միջոցով, սակայն այսօր ստիպված ենք եզրակացնելու, որ իշխանությունները սթափ չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը», - ասաց Զուրաբյանը` շեշտելով, որ այսօր գալիս է պահը, երբ «ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ»:

«Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանրահավաքների մարդաշատության առումով, եւ մենք կոչ ենք անում բոլոր մեր համակիրներին եւ քաղաքացիներին առաջարկություններ ներկայացնել ժողովրդավարության հաստատմանն ուղղված զանգվածային միջոցառումների ծրագրի մշակման համար, ինչպես նաեւ ուղղակիորեն մասնակցել այդ ծրագրի ընդունմանը գալիք հանրահավաքում», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե առաջիկա իրադարձություններում չեն բացառում արդյո՞ք արաբական սցենարները, Զուրաբյանը պատասխանեց. - «Թունիսում մի փոքր համառեցին իշխանությունները, մի քիչ ավելի ծանր հետեւանքների բերեց, Մուբարաքը ավելի շատ համառեց, հիմա գիտեք` որտեղ է գտնվում: Ամենամեծ համառությունը, ֆանատիզմի, հիմարության հասնող համառությունը ցուցաբերում է Քադաֆին: Երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, իշխանությունը ինքը պետք է որոշի, թե որ տարբերակն է ընտրում` ժողովրդավարական անցման քաղաքակիրթ տարբերակը, թե՞ … չեմ կարծում, որ մեր իշխանությունները գերադասում են գնալ արյունահեղության [ճանապարհով] կամ ընտրել քաղաքացիական պատերազմի տարբերակը»:

Հիշեցնենք, որ առավել մարդաշատ ակցիաների միջոցով իշխանությունների վրա ճնշում գործադրելու մասին ՀԱԿ-ի հայտարարություններին երեկ արձագանքել էր իշխող Հանրապետական կուսակցության մամլո խոսակ Էդուարդ Շարմազանովը:

« Եթե իրենք լրջորեն մոտենային, ապա բանակցությունները կիսատ չէին թողնի եւ կլսեին իշխանությունների հիմնավորումները, թե ինչու մեր երկրում չկա արտահերթ ընտրությունների անցկացման իրավական եւ քաղաքական հիմք: Կոմպրոմիսներն ու ուլտիմատումները տարբեր բաներ են: Թող բոլորը իրենց մտքից հանեն, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել բախումներ», - ասել էր Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG