Մատչելիության հղումներ

logo-print

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր տեղափոխվեց Հայաստանում պահվող վերջին ադրբեջանցի ռազմագերին` Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: Հայաստանի 8 քաղաքացիներ, մինչդեռ, շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ:

Մեկ տարի առաջ հայկական կողմն անցած ժամկետային զինծառայողը երկար ժամանակ մտածում էր իր հետագա քայլերի մասին, ու վերջին շրջանում որոշում կայացրեց չգնալ Ադրբեջան, այլ քաղաքական ապաստան խնդրել այլ երկրում:

Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցի ռազմագերու տեղափոխման երկիրը ո'չ հայկական, ո'չ էլ ադրբեջանական կողմերին հայտնի չէ` հենց նրա անվտանգության համար:

Հուսեյնովի մայրը` Նատավան Հուսեյնովան ադրբեջանական լրատվամիջոցներից day.az–ին ասել է, թե իրենք չգիտեին, որ որդուն տեղափոխել են ու իրենց տեղյակ չեն պահել նրա տեղափոխման երկրի մասին: Ռազմագերու մայրն ասել է նաեւ, թե պատրաստվում են դիմել Ադրբեջանի գերիների, պատանդների եւ եւ անհետ կորածների հանձնաժողով` տղային Ադրբեջան վերադարձնելու համար:

Մինչդեռ Կապրիելյանն ասաց, թե ռազմագերու տեղափոխման խնդիրը ո'չ հայկական, ո'չ էլ ադբեջանական կողմն է որոշել, այլ` միջազգային կազմակերպությունները:

Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն ասում է, որ ադրբեջանական կողմը այս հարցով հատկապես համագործակցության քայլեր չի ցուցաբերում վերջին տարիներին: Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, մարդասիրական այս հարցը պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմամբ:

Իրավիճակն ըստ էության անգամ չփոխեց Աստրախանի հանդիպումը: Անցած` 2010 թվականի հոկտեմբերի 27-ին, հիշեցնենք, Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությամբ ղարաբաղյան հակամարտության կողմերը պարտավորվել էին ձեռնամուխ լինել ռազմագերիների փոխանակմանը: Դրանից հետո Հայաստանը փաստորեն երեք գերի հանձնեց, մինչդեռ Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրեց Մանվել Սարիբեկյանի դին ու Արթուր Բադալյանին:

Եթե Հայաստանը որոշեց իր տարածքում մեկ տարի պահվող վերջին գերուն վերադարձնել իր իսկ ուզած վայրը, ապա Ադրբեջանը չի շտապում հանձնել Հայաստանի 8 քաղաքացիներին. ադրբեջանական գերության մեջ հինգ հոգանոց մեկ ընտանիք կա եւ երեք զինծառայող:

«Մեղադրում եմ ադրբեջանական կողմին, որը 2007 թվականից մինչեւ այսօր բացարձակապես ոչ մի քայլ չի անում դեպի համագործակցություն, դեպի փոխգործակցություն: Եթե ժամանակին նույնիսկ բացասական զարգացումների դեպքում էլի ինչ-որ կոնտակտներ լինում էին կամ բացասական պատասխան էինք ստանում, ապա այսօր ես արձանագրում եմ, որ պարզապես անտեսում է մեր բոլոր տեսակի հարցումները եւ համագործակցության փորձերը», - ասաց Կապրիելյանը:

Մինչ իշխանության ներկայացուցիչն ասում է, թե իրենք անում են հնարավորը Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը հակառակն է պնդում: Նա ասում է, թե Հայաստանը կարող էր օգտագործել ՄԱԿ-ի ամբիոնը, բայց դա չարեց:

«Մեր պաշտոնատար անձինք պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի հայ պատանդները ազատ արձակվեն: Ես անկեղծ ասած` շատ քիչ եմ լսում հայկական պաշտոնատար անձանց անդրադարձները հայ պատանդների խնդիրներին: Հասարակությունը տեղյակ չէ, թե հայկական կողմը ինչ ջանքեր է գործադրում պատանդներին ազատ արձակելու համար, եւ սա մեր քաղաքականության լրջագույն բացթողումներից մեկն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մելիքյանը:

Նա Հայաստանի համար անհավասարակշիռ վիճակ չի համարում այն հանգամանքը, երբ այժմ Հայաստանում ադրբեջանցի գերի չկա, իսկ Ադրեբջանը շարունակում է անարձագանք թողնել 8 հայաստանցիներին հետ վերադարձնելու մասին Հայաստանի առաջարկները:

«Իրականում Ադրբեջանը հավատարիմ է մնում իր իմիջին, ու դրանից Հայաստանի դիրքերը ոչ թե թուլանում են, այլ նախընտրելի են դառնում», - ամփոփեց Արման Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG