Մատչելիության հղումներ

1980 թվականից սեպտեմբերի 27-ը նշվում է որպես զբոսաշրջության համաշխարհային օր:

Տոնի նպատակն իսկզբանե եղել է տուրիզմի պրոպագանդան, տուրիզմի միջոցով արդյունաբերության զարգացումն ու տարբեր պետությունների հետ կապերի հաստատումն ու ամրապնդումը:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի խոսքով, Հայաստանը երրորդ տարին է, որ կառավարության մակարդակով նշում է զբոսաշրջության օրը:

«Տուրիզմը դա արդյունաբերություն է, դա հսկայական գումարների հոսքեր են եւ աշխատատեղերի ստեղծում, որը մեզ համար շատ կարեւոր է», - նշում է Մինասյանը:

Ամփոփելով անկախության 20 տարիների ընթացքում այս ոլորտի ձեռքբերումները` Մինասյանը նշում է, որ տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը Հայաստանում, ավելանում է նաեւ Հայաստանում հանգստացող հայաստանցիների թիվը, եւ սա Մինասյանը կապում է սպասարկման ոլորտի մակարդակի բարձրացման, ընդհանուր պայմանների բարելավման, նաեւ քաղաքի արտաքին տեսքի փոփոխության հետ:

Մինասյանը, այդուհանդերձ, նշում է, որ ոլորտում կան բազմաթիվ բացթողումներ.

«Սեպտեմբեր ամիսն է, տեսեք, տեղ չկա հյուրանոցներում, հոկտեմբերն է` տեղ չկա: Ոչ թե ես բողոքում, դժգոհում եմ, այլ ասում եմ, որ մենք չենք լուծել այս հարցը: Մեծ քանակությամբ տուրիստ միանգամից ընդունելուն Հայաստանը պատրաստ չէ: Մենք պրոբլեմ ունենք այսօր հյուրանոցների քանակության, տեղերի, ավտոբուսների, էքսկուրսավարների: Չի կարելի այդ պրոբլեմները չլուծել ընթացքում: Ո՞ւմ վրա է դրված այդ պատասխանատվությունը, էկոնոմիկայի նախարարության, ուրեմն բոլոր գերատեսչություններն էլ պետք է ենթարկվեն նրան: Ամեն ինչ հանուն տուրիզմի պետք է լինի», - հայտարարեց նա:

Մինասյանի խոսքով, Հայաստանն ընդունել է հայեցակարգ, ըստ որի` մինչեւ 2030 թվականը պետք է ունենա մինչեւ 3.000.000 ներգնա զբոսաշրջիկ, 1.5 000 000 ներքին զբոսաշրջիկ եւ 51 000 քնատեղ, սակայն այս ամենի մասին պետք է մտածել ոչ վերջին օրերին:

«Ո՞վ է զբաղվում տուրիզմով` ով ցանկանում է: Պաշտոնապես ասում եմ. մոտ 90 տոկոսը սպասարկման ոլորտում աշխատում են մարդիկ, ովքեր չունեն մասնագիտական կրթություն»:

Մինասյանը, սակայն, դժվարացավ նշել, թե որ երկրներից ու տարեկան քանի հոգի են գալիս Հայաստան: Իսկ թե որտեղ են հանգստանում հայաստանցիները, Մինասյանը գիտի, գիտի նաեւ, որ կգա ժամանակ, որ հայերը կնախընտրեն Հայստանը:

Մինասյանը փաստում է. - «Աջարիայում քիչ հայեր գնացին հանգստանալու նախորդ տարիների համեմատ, որովհետեւ սպասարկման մակարդակը մեզ մոտ ավելի լավն է, բարձր է, իսկ այնտեղ սպասարկման մակարդակը ցածր է, գներն էլ` բարձր: Մարդիկ հիմա հասկանում են, որ որակ պետք է ապահովես, այդ դեպքում տուրիստների քանակությունը կլինի եւ ներքին տուրիզմը կզարգանա»:

«Արարատ տուր» տուրիստական կազմակերպության տուր-մենեջեր Տաթեւիկ Սողոմոնյանը նշում է, որ իրենց տվյալների համաձայն, այս տարի էլ հայաստանցիները նախընտրել են հանգստանալ Հայաստանից դուրս` չնայած արդեն կան մատչելի առաջարկներ հանգիստը երկրի ներսում կազմակերպելու համար:

«Հիմանակնում այս տարի հոսքն ինչպես միշտ Վրաստանի կողմն էր, շատերը հանգստացան նաեւ Թուրքիայում, արդեն սեզոնն է սկսում Դուբայի: Շատերը կարծում են, որ Հայաստանը բավականին թանկ է հանգիստը կազմակերպելու համար, բայց, ես կարծում եմ, որ այնքան էլ թանկ չէ ու պետք չէ թերագնահատել», - ասաց նա:

Տաթեւիկի խոսքով, այս տարի ավելի քիչ հայաստանցիներ են մեկնել Եգիպտոս, փոխարենը` նոր բացահայտումներ են արել` Շրի Լանկա, Հունաստան, Բուլղարիա:

XS
SM
MD
LG