Մատչելիության հղումներ

logo-print

«Արվեստի բուհերը պետք ուսանողներին այնքան ազատություն տան, որ նրանք կարողանան ստեղծագործել» - նշում է երիտասարդ ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանը:

Արուսյակ հավելում է. - «Այդ ազատությունը այն չի, որ երբ ուզենան, այն ժամանակ դասի գնան: Հարկավոր է ինչ-որ համակարգ ստեղծել, որ մարդն իրականում կարողանա ստեղծագործել»:

Արուսյակը սովորել է Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում եւ նշում է, որ շատ բան է սովորել իր դասախոսներից` Արմեն Դովլաթյանի գլխավորությամբ, բայց նշում է, որ պետք չէ բավարարվել միայն բուհում ստացած գիտելիքներով:

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառեժիսուրիայի ամբիոնի վարիչ, ռեժիսոր Աիդա Հոնհաննիսյանի խոսքերով, այսօրվա երիտասարդությունը շատ լավ ժամանակահատվածում է ապրում, որովհետեւ հիմա նրանց առջեւ բացվել են արտասահմանում սովորելու լայն ճանապարհներ ու մեծ հնարավորություններ. - «Այլ հարց է, թե որքան են ձգտում դրան եւ համապատասխանում է արդյոք մեր կրթությունը արտասահմանում ուսումը շարունակելու համար»:

Ապագա ռեժիսորները իրենց դիպլոմային եւ գործնական աշխատանքներն իրականացնելիս հաճախ խնդիրների առաջ են կանգնում: Ռոզան եւ Ամալիան են պատմում. - «Ամենալուրջ խնդիրը ֆինանսներն են, եթե ֆինանսներ լինեն, մնացած ամեն ինչն էլ կլինի: Համալսարանում նորմալ տեսախցիկներ չունենք: Օպերատոր գտնելու խնդիր կա, որքան կարող ես ծանոթ օպերատորներին խնդրել, որ գան նկարեն անվճար»:

Հովհաննիսյանը նշեց, որ թեեւ հիմա մանկավարժական համալսարանը չունի բավարար քանակի տեսախցիկներ, բարձրախոսներ, եւ անհրաժեշտ տեխնիկական մյուս միջոցները, բայց ռեկտորատը խոստացել է համալրել դրանք:

Արուսյակ Սիմոնյանի կարծիքով, Հայաստանում թիմային աշխատանքը անարդյունավետ է. - «Ռեժիսորի, սցենարիստի, օպերատորի, նույնիսկ լույսերի համար պատասխանատուի աշխատանքը պետք է համախմբված լինի, սակայն մեզ մոտ դա բացակայում է: Այստեղ ամեն մեկը մտածում է իր ստանալիք գումարի, ոչ թե որակի եւ արդյունքի մասին` սկսած բարձրադիր մարմիններից»:

XS
SM
MD
LG