Մատչելիության հղումներ

Երեւանի լավագույն կրթական հաստատություններից մեկը համարվող Հայաստանի ամերիկյան համալսարանը 2013 թվականից պատրաստվում է ներդնել «Բակալավր» որակավորմամբ մասնագետների պատրաստման կրթական ծրագրեր:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայիս նախագահ Բրյուս Պողոսյանը` նշելով, որ այդ քայլի արդյունքում իրենց ուսանողների թիվը կավելանա, քանի որ համալսարան կկարողանան ընդունվել նաեւ հանրակրթական դպրոցների շրջանավարտները` ի տարբերություն մագիստրատուրայի, որը միայն բուհերի շրջանավարտներին է հնարավորություն տալիս ուսանել:

«Դա մեզ թույլ կտա տարեկան ընդունել 4 անգամ ավելի ուսանողների եւ նաեւ ավելի երիտասարդ ուսանողական անձնակազմ ունենալ», - նշեց Բրյուս Պողոսյանը։

Համալսարանը, որը այս օրերին նշում է իր հիմնադրման 20-րդ հոբելյանը, մինչեւ այժմ պատրաստում էր միայն «Մագիստրոս» որակավորմամբ մասնագետներ եւ անցած 20 տարիներին ավելի քան 2 հազար շրջանավարտ է տվել` մագիստրոսներ, որոնք, ինչպես հավաստիացնում էին համալսարանի ղեկավարները, գերակշիռ մեծամասնությամբ աշխատում են Հայաստանում` իրենց ներդրումը բերելով երկրի տնտեսության, գիտության, բուհական համակարգի եւ այլ ոլորտների զարգացման գործում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ ի սկզբանե համալսարանում բակալավրիատ չէր ստեղծվել, Ամերիկյան համալսարանի հիմնադիր նախագահ Միհրան Աղաբաբյանը պատասխանեց. - «Այդ ժամանակ մի քանի ռեկտորների հետ խոսակցություն ունեցանք եւ իրենց բացատրեցինք մեր նպատակը եւ իրենց հարցրեցինք, թե ուզո՞ւմ են, որ մենք բակալավրիատի դասընթաց սկսենք, որից հետո մագիստրատուրա սկսենք: Նրանք ասացին, որ կնախընտրենք հակառակ ուղղությամբ անեք, քանի որ չուզեցին մրցակցություն իրենց համալսարանների հետ»:

Միհրան Աղաբաբյանը հավելեց, որ այսօր, 20 տարի անց, հայաստանյան համալսարանների ռեկտորները իրենք են Հայաստանի ամերիկյան համալսարանին քաջալերում բակալավրիատի ծրագիրը սկսել, հասկանալով, որ դա կօգնի կրթական ողջ համակարգի զարգացմանը։

«Շատ շիտակ գաղափար էր դա (բակալավրիատ ունենալը)։ Ուշացանք՝ բայց սկսեցինք», - նշեց նա։

Նշենք, որ «Զարգացման քսանամյակ» խորագրի ներքո Հայաստանի ամերիկյան համալսարանը սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը կրթության փառատոն է անցկացնում` նշելով հիմնադրման 20-ամյա հոբելյանը:

Այս 6 օրերի ընթացքում ուշագրավ ծրագիր է նախապատրաստվել, որն իր մեջ ներառում է դասախոսություններ, «Բարձրագույն կրթության հեռանկարները» խորագրով գիտաժողով, հանդիսություններ, համերգ, ցուցահանդես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG