Մատչելիության հղումներ

Տուժածները համոզված են` իրենց տների վրա հարձակված խումբն է բացահայտվել


Ոստիկանները բերման են ենթարկում ծանր հանցագործությունների մեջ կասկածվող անձանց, Երեւան, 23-ը սեպտեմբերի, 2011թ., լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Ոստիկանները բերման են ենթարկում ծանր հանցագործությունների մեջ կասկածվող անձանց, Երեւան, 23-ը սեպտեմբերի, 2011թ., լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանը եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապալեոն Ազիզյանը համոզված են, որ օրերս բացահայտված ավազակային խումբը հենց այն խումբն է, որն ամիսներ առաջ հարձակում էր գործել իրենց տների վրա։

Անցած հուլիսին, առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում, դիմակավորված անձինք մուտք էին գործել Աղվան Գրիգորյանի տուն, ծեծի ենթարկել նրան ու նրա երկու որդիներին, ապա վերցրել տան չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդերը եւ հեռացել տանտիրոջը պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայով:

Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Աղվան Գրիգորյանը ասաց, որ երկու օր առաջ ոստիկանները իրենց տուն են բերել ավազակային հարձակման մեջ կասկածվողներից մեկին, ով մանրամասն նկարագրել է, թե ինչպես են մտել Գրիգորյանի տուն: Ավելին, ըստ նախկին թաղապետի, կասկածյալը պատմել է, որ ինքն է բացել տան պատուհանը, որտեղից էլ ավազակային խումբը ներս է մտել: Ուշագրավ է, որ, ըստ Աղվան Գրիգորյանի, կասկածյալը նշել է, որ երբ մուտք էին գործում նրա տուն, այն ժամանակ ճաղավանդակներ չկային, մինչդեռ հիմա տունը պաշտպանված է ճաղավանդակներով։ Նաեւ այս փաստն է տուժողին հիմք տալիս հավատալու, որ հայտնաբերված բանդան իրենց տան վրա հարձակվող խումբն է եղել։

«Ինքը փաստացի լրիվ ճանապարհները ցույց տվեց` ոնց են մտել, ինչ են արել, լրիվ նկարագրեց: Լուսամուտը ինքն էր բացել: Նենց բաներ ասեց` ես էլ զարմացա: Ասեց` ռեշոտկան նոր է դրված: Ես էլ ասեցի` հա, նոր է դրված», - պատմեց Գրիգորյանը` հավելելով, որ միանշանակ` հայտնաբերված խումբը իրենց տան վրա հարձակում գործած խումբն է:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` չի՞ կարծում, որ ինչ-որ մեկը ինֆորմացիա է տվել իր կարողությունների մասին, նա նշեց, թե չի ուզում դրան հավատալ, բայց ինչպես հին ասացվածքն է ասում` «գողը որ տնից չլինի, եզը երդիկից չեն հանի»:

«Բեղերով տղա եմ, երեւի դրա համար էլ մեր տուն մտան։ Իհարկե, չպիտի մտնեին, իհարկե, սխալ արեցին», - ասաց Աղվան Գրիգորյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ավազակային խումբը հենց իրենց տունը մտավ։

Այս տարվա օգոստոսին ավազակային հարձակման ենթարկված Նապալեոն Ազիզյանը նույնպես վստահ է, որ հայտնաբերված բանդան իրենց տան վրա հարձակվողներն են:

Ոստիկանները կասկածյալներից մեկին նաեւ Ազիզյանի տուն են տարել: Հանցագործության մեջ կասկածվողը պատմել է, թե ինչպես են բազմոցի վրա կապկպել տան անդամին:

«Նույն խումբն է, որովհետեւ այդ խմբի անդամներից մեկին բերել են մեր տուն, ինքը ցույց տվեց` որտեղից է մտել, էդ բոլոր գործողությունները ինչ ձեւի է կատարել, պատմեց` ոնց է դիվանի վրա պառկած մարդ կապել, լրիվ պատմեց, ոնց որ եղել է, դրա համար համոզված եմ, որ այդ խումբն է», - ասաց Նապոլեոն Ազիզյանը եւ հավելեց, որ անձամբ իրեն կապկպել են, նաեւ ծեծի են ենթարկել:

«Էդ մարդիկ, բացի նրանից, որ մարդու զավակներ չեն, նաեւ սադիստ են, որովհետեւ այդ բոլոր բաները նրանք կարող էին անել առանց բռնության: Ես ասացի` եթե թշնամիներ չեք, որովհետեւ բոլորը դիմակավորված էին, եթե ձեզ ինչ-որ բան է պետք, վերցրեք գնացեք, ավելորդ բաներ պետք չեն, ո՛չ կնոջս, ո՛չ երեխայիս հարցեր մի տվեք, ոչ մի բան մի արեք», - պատմեց նախկին պատգամավորը` նշելով, որ ավազակային հարձակում գործածները հարվածել են նաեւ իր կնոջը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ինչ-որ մեկը ինֆորմացիա տվե՞լ է հանցագործներին` կոնկրետ իր տան վրա հարձակում գործելու համար, Ազիզյանը ասաց. - «Բնականաբար կլինի, բայց մինչեւ հիմա երեւի բացահայտված չի, որովհետեւ ես նման տեղեկություններ չունեմ»։

Ինչ վերաբերում է, թե ով կարող էր իր կարողությունների մասին հանցագործներին տեղեկատվություն տալ, Նապոլեոն Ազիզյանն ասաց, թե իրենք այդպիսի կարողություններ չեն ունեցել. - «Մեր տան ունեցած ոսկեղենը, 40 տարվա ընտանիք է` մի օր ծնունդ, հարսանիք, նվերներ ենք ստացել, այդ նվերներն են տարել, մեկ էլ պատից կախված նկարները, որոնց արժեքը երեւի իրենք են որոշել, ես չգիտեմ։ Կային ե՛ւ հայտնի նկարիչների գործեր, ե՛ւ սովորական նկարներ` ես մասնագետ չեմ»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե հավատո՞ւմ է մամուլի այն հրապարակումներին, որ պաշտոնյաների որդիները ինֆորմացիա են տվել բանդայի անդամներին, թե ում տուն կարելի է մտնել, Ազիզյանն ասաց, թե չի հավատում այդ վարկածին, որովհետեւ շատ զարմացած էր, թե ինչ եռանդով են աշխատում ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ դատախազությունը: «Նրանք անպայման կասեին, որովհետեւ բոլորը բացահայտված են` ե՛ւ խմբի ղեկավարը, ե՛ւ կազմակերպիչը, ե՛ւ կատարողները», - նշեց նա։

«Ով էլ լինի, ինչ պաշտոնյայի տղա էլ լինի, քննությունը երեւի կբացահայտի», - ասաց Նապոլեոն Ազիզյանը` հավելելով, որ գողացված գույքի, նկարների հայտնաբերման մասին տեղեկություն չունի եւ չի էլ հարցրել ոստիկանությանը, որովհետեւ գույքից առավել կարեւորը բարոյական մասն էր, որը մի փոքր հանգստացրեց:

«Եթե գտնեն, բնականաբար, տեղյակ կպահեն կամ կվերադարձնեն», - ասաց ավազակային հարձակումից տուժած նախկին պատգամավորը։

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ գողոնը դեռեւս հայտնաբերված չէ: Գլխավոր դատախազությունից էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կոնկրետ բանդիտիզմի եւ ավազակային հարձակման մեղադրանքով կալանավորված է 5 մարդ, այդ թվում` հանցախմբի պարագլուխ Արտուշ Հակոբյանը:

Ծանր հանցագործությունների մեջ կասկածվող անձանց վնասազերծման մասին ոստիկանությունը հայտարարեց անցած ուրբաթ օրը։ Իրավապահներից փախչելու փորձի ժամանակ այդ անձանցից մեկը, ոստիկանների վկայությամբ, Երեւանի Մյասնիկյանի պողոտայի հարեւանությամբ գտնվող ժայռից վայր է ընկել եւ մահացել։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG