Մատչելիության հղումներ

Թվային տեխնոլոգիաները սահմանափակում են հիշողության հնարավորությունները


Հիշողությունը ցանկացած տեսակի տեղեկատվություն մտապահելու ու վերարտադրելու մարդու ունակությունն է: Ապացուցված է, որ երեխաները ավելի շուտ են մտապահում եւ սովորում այն ամենը, ինչ տեսնում կամ լսում են:

Վերջին տարիներին, երբ մարդը մտածում է, որ պետք է կրկին անդրադառնա որեւէ փաստի, նա ավելի հակված է հիշել ոչ թե դրա բովանդակությունը, այլ այն գտնելու տեղը: Ըստ BBC-ի, դա են ապացուցում հոգեբանական մի շարք գիտափորձեր, որոնք անցկացվել է Կոլումբիայի համալսարանում:

Հոգեբան Մարինա Թոզալաքյան այս ամենին անդրադառնալով նշում է. - «Հիմա մարդու գործունեությունը ցանկացած ոլորտում մեքենայացված է. բժշկության, կրթության։ Նույնիսկ դասագրքերին դպրոցում սկսում է փոխարինել համակարգիչը: Բնական է, որ հիշողության ֆունկցիայի ասպարեզը նեղանում է սրանից: Մարդիկ հիշում են միայ այն, ինչ հնարավոր չէ տեխնիկայի միջոցով հիշել: Սա իր բացասական կողմերն ունի, որովհետեւ հնարավոր է, որ շատ կարեւոր պահին համակարգիչը փչանա, կամ ձեռքի տակ չլինի»:

Լավ հիշողություն ունենալու համար անհրաժեշտ է մարզել միտքը: Մարինա Թոզալաքյանը առաջարկում է ամենահեշտ տարբերակներից մեկը․ - «Փորձեք ամեն օր քնելուց առաջ հիշել անցած օրվա ողջ ընթացքը»:

Հիշողությունը մարզելու մեկ այլ ձեւ է անգիր սովորելը: «Սա է պատճառը, որ դպրոցում երեխաներին շատ ժամանակ հանձնարարում են բանաստեղծությունները անգիր սովորել»,- նշում է հոգեբանը:

Կան մարդիկ, ովքերը հակառակ շատերի ունեն հրաշալի հիշողություն եւ մտապահում են նույնիսկ անկարեւոր իրադարձությունները:

Հիշողությունը տարբեր է լինում: Կան մարդիկ ովքեր զարգացրել են իրենց տեսողական, ոմանք էլ լսողական հիշողությունը: Ուսանողները հիմնականում չեն հիշում թվերը: Աննան նշում է, որ ունի տարեթվերը հիշելու խնդիր: Սոնան եւ Քրիստինեն ասում են, որ հիշելու համար կարեւոր է հասկանալով սովորել:

Կան մարդիկ, ովքեր դժվարանում են հիշել մարդկանց անունները: Հովհաննեսը նշում է, որ ինքն ավելի հեշտ է հիշում իր կողմից սիրելի առարկաները: Իսկ ինչ վերաբերում է համացանցում տեղեկատվություն կարդալուն եւ այն արխիվացնելուն, ասում է. - «Փորձում եմ հիշել որքան կարողանում եմ: Հետոյի համար պահելը օգուտ չի տալու` 2-րդ անգամ հաստատ չեմ կարդալու»:
XS
SM
MD
LG