Մատչելիության հղումներ

Աղասի Աբրահամյանը մահացել է գանգուղեղային վնասվածք ստանալու հետեւանքով


Զոհված զինծառայող Աղասի Աբրահամյանի դիմանկարը
Զոհված զինծառայող Աղասի Աբրահամյանի դիմանկարը
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում մեկ ամիս առաջ մահացած 18-ամյա Աղասի Աբրահամյանի հարազատները ստացել են նրա դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Համաձայն փորձաքննության արդյունքների` զինվորի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից` փակ, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետեւանքով, որն էլ հանդիսանում է նրա մահվան ուղղակի պատճառը: Այս հետեւությունը փորձագետները հիմնավորել են փորձաքննությամբ հայտնաբերված մի շարք վնասվածքներով, մարմնի տարբեր հատվածներում ու օրգաններում առկա արյունազեղումներով: Փորձագետները եզրակացրել են, որ վնասվածքներն առաջացել են մահվանից 6-24 ժամ առաջ բութ, կոշտ առարկաների պատճառով:

Աղասիի հայրը` Գեղամ Աբրահամյանը, ընդհանուր առմամբ համաձայնելով դատաբժշկական փորձաքննության հետ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որոշակի նկատառումներ ներկայացրեց:

«Օրինակ, ականջի պոկված մասը չեն արձանագրել, կողքին դանակի հարված կար, չեն արձանագրել», - ասաց Աբրահամյանը:

Զինվորի հայրը գտնում է, որ որդու մահվան մեջ մեղավոր են ոչ միան կալանավորված 4 հոգին, այլեւ նաեւ այլ անձինք: Նա ասում է, թե որդուն մի հոգին չէր կարող այնքան ծեծել, որ մահվան հասցներ:

«Մինիմում 4-5 հոգի էլի մարդ կա, որ պետք է դատվեն անպայման, դրանց պիտի գտնեն, օրինակ, ես, տեսնելով [գործով կալանավորված զինծառայող] Վահեի ֆիզիկական տվյալները, համոզված եմ, որ միայնակ չէր կարող Աղասին ծեծել, որովհետեւ նա սպորտով զբաղված երեխա էր, ֆիզիկական տվյալնեը շատ նորմալ էին, ուժը տեղն էր», - ասում է մահացած զինվորի հայրը:

18-ամյա զինվորը մահացել էր հոսպիտալում: Հոր կարծիքով, որդուն բանակում պարզապես ցանկացել են ստորացնել, կոտրել: Հարազատները շարունակում են պնդել, որ տղային ծեծելով սպանել են, ու քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով: Մինչդեռ նախաքննական մարմինը, որ անցած ամսվա ընթացքում կալանավորել է 4 հոգու, նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրել տարբեր հոդվածներով: Կալանավորված երեք սպաների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել իշխանության չարաշահման, իշխանազանցության կամ անգործության համար: Ժամկետային զինծառայողի նկատմամբ էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, այն է` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: Կալանավորվածների շարքում են բուժկետի սպաները, որոնք, ըստ զինվորի հոր, որդուն տասը ժամից ավելի պահելով բուժկետում, օգնություն չեն ցուցաբերել:

«Երեխուն ծեծված տարել են բուժկետ, իրանք առաջին օգնություն ցույց չեն տվել: Ինչ-որ անհասկանալի պահեր կան... ու իրենք նույնիսկ սկզբում չեն էլ զգուշացրել բուժկետի ծառայության պետին, որ այդ կարգի հիվանդ են ընդունել: Ժամը 2-ը կողմերը նոր զգուշացրել են բուժկետի ծառայության պետին ու ինձ թվում է` ինչ-որ մի բան նրանց ստիպել է, չի թողել որ ասեն: 2-ից հետո բուժկետի ծառայության պետն է եկել, իրեն ասել են, թե երեխեն «սաչկավատ» է լինում, ինքն էլ հարձակվել է երեխու վրա, որովհետեւ դրանից մի շաբաթ աչքի բորբոքման պատճառով պառկած է եղել այնտեղ, սրանք էլ մտածել են երեխան «սաչկավատ» է լինում: Ես զարմանում եմ` էդ պահին երեխու արտաքինին ո՞նց չեն նայել», - հարցնում է Գեղամ Աբրահամյանը:

Աղասին ընտանիքի միակ արու զավակն էր: Խոստացել էր բանակից տուն վերադառնալուն պես աշխատել, տունը նորոգել:

«Ես եթե իմանայի` իմ երեխային պիտի ուղարկեի, ութ ամիս հետո դիակը բերեին, ես չգիտեմ` ինչ անուն դնեմ դրան, ուրեմն ես իմ տղային ուղարկել եմ սպանդանոց», - ասաց զինվորի մայրը` Գայանե Աբրահամյանը:

Աղասի Աբրահամյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Նախաքննական մարմինը չի բացառում նոր ձերբակալությունները:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG