Մատչելիության հղումներ

Բաքվում ռինգ դուրս կգա յոթ հայ բռնցքամարտիկ


Բռնցքամարտի աշխարհի 16-րդ առաջնության լոգոն

Բռնցքամարտի աշխարհի 16-րդ առաջնության լոգոն

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում` Հեյդար Ալիեւի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնության հանդիսավոր բացումը, որին մասնակցել է նախագահ Իլհամ Ալիեւը։

Բռնցքամարտի աշխարհի 16-րդ առաջնությանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը, մասնակցում են նաեւ Հայաստանի մարզիկները։

Ընդհանուր առմամբ, մեդալների համար պայքար են մղում 570 բռնցքամարտիկներ` աշխարհի 113 պետություններից։

Այս առաջնությունն առավել կարեւոր է Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիադային մասնակցելու մասին երազող բռնցքամարտիկների համար, քանի որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկած մարզիկները օլիմպիական ուղեգրեր են ստանալու։

Ադրբեջանական կողմի հավաստիացմամբ` հայ բռնցքամարտիկներին ապահովել են մարզվելու եւ հանգստանալու ամենալավ պայմաններով։ Այդ մասին է ասում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Շահնազ Բեյլյար-Կիզին։

Հայերը հանգրվանել են Բաքվի արվարձանում գտնվող «Սահաթչի» անունով օլիմպիական համալիրում, դա շատ ապահով տեղ է։ Շատերն էին ցանկանում այդտեղ մնալ, սակայն հարկ էր հաշվի առնել հայ մարզիկների անվտանգությունը։ Նրանց հետ այդ համալիրում են մնում նաեւ ռուս բռնցքամարտիկները։

«Հայ մարզիկներին ամենաբարձր մակարդակով են սպասարկում, եւ անհանգստանալու կարիք չկա», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնյա Աղաջան Աբիեւը։

Հայաստանից Բաքու են մեկնել ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հովսեփ Սահակյանը, մարզիկներից` ծանրքաշային Արմեն Սիմոնյանը, ով վնասվածքի պատճառով ելույթ չի ունենա, Հովհաննես Դանիելյանը, Հովհաննես Բոչկովը, Վլադիմիր Սարուխանյանը, Հրաչիկ Ջավախյանը, Սամվել Մաթեւոսյանը, Անդրանիկ Հակոբյանը եւ Արթուր Խաչատրյանը։

Հայ մարզիկներն առաջին անգամ ռինգ դուրս կգան երեքշաբթի օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG