Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյանը արտահերթ ընտրությունների որեւէ նախադրյալ չի տեսնում


Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյան
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյան
Մինչեւ տարեվերջ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման` Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի պահանջը տարակուսանք է առաջացնում Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի մոտ։ Այդ մասին Նիկոյանը հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

Հայ ազգային կոնգրեսի` անցած ուրբաթ կայացած հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահը 8 պահանջ առաջադրեց իշխանություններին, որոնցից առաջինը վերաբերում է մինչեւ տարեվերջ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Տարեվերջին մնացել է երեք ամիս` արդյոք հնարավո՞ր է երեք ամսվա ընթացքում Հայաստանում երկու խոշոր համապետական ընտրություն կազմակերպել: Իշխող Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ առնչությամբ ասաց. - «Յուրաքանչյուր ոք, ով խոսում է արտահերթ որեւէ ընտրության մասին, դա նշանակում է քարոզչական տեխնոլոգիա իրականացնել` նախապատրաստվելով հերթական ընտրության, եւ դա նորմալ եմ համարում»։

Միաժամանակ, նա համոզմունք հայտնեց, թե արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ քաղաքական ու իրավական նախադրյալ չկա` մանավանդ հիմա, երբ 2012 թվականին խորհրդարանական հերթական ընտրություններ են անցկացվելու:

«Որեւէ լուրջ քաղաքական գործիչ չի կարող պատկերացնել` ինչ պայմաններ են, եւ ինչու պետք է արտահերթ որեւէ ընտրություններ լինեն։ Որեւէ նախադրյալ չկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ», - նշեց Ազգային ժողովի փոխնախագահը` հավելելով. - «Եթե որեւիցե մեկը կարծում է, որ արտահերթ ընտրությունները լուծելու են մեր երկրի բոլոր խնդիրները, այդ դեպքում կարելի է վեց ամիսը մեկ արտահերթ ընտրություն կազմակերպել։ Այն դեպքում, երբ պառլամենտական ընտրություններին մնացել են հաշվված ամիսներ։ Հետեւաբար, կարծում եմ, որ այդ մեկ պահանջը գոնե տարակուսանք այս պահին կարող է առաջացնել»։

Ընդդիմության ցանկությունը` անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, երեք տարի առաջ իշխանության համար գոնե հասկանալի էր, հիմա այն անհասկանալի է, ընդգծեց Նիկոյանը։ «Երբ երեք տարի առաջ այդ խնդիրը կար, դրվում էր, էլի ասում էինք, որ կլինեն հերթական ընտրություններ, բայց թերեւս այդ ժամանակ իրենց ցանկությունը` ընդդիմության, մի կերպ հասկանալի էր։ Բայց հիմա արդեն, որովհետեւ կարծես թե մի քանի ամիս է մնացել [խորհրդարանական հերթական ընտրություններին], անհասկանալի է արտահերթ ընտրության մասին խոսել ընդհանրապես», - ասաց նա։

Ընդդիմության հաջորդ պահանջը առնչվում է «Մարտի 1»-ի բացահայտմանը: Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրվա հանրահավաքում պահանջել է առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ:

Սամվել Նիկոյանը, ով 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական նախկին հանձնաժողովն էր գլխավորում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այս պահանջը եւս զարմանք է հարուցում:

«Ընդհանուր առմամբ, դա զարմանալի է` վերջնաժամկետ դնել բացահայտման վրա։ Երբ պահանջ դրվի, որ ավելի գործնական քայլեր, ավելի, էսպես, չգիտեմ, քայլեր, որոնք կարող են բերել-արդյունք տալ, դա, իհարկե, հասկանալի է բոլորի համար, դա ցանկալի է։ Բայց ինչ-որ ժամկետ դնել որեւէ խնդրի համար` լուծման, այն էլ` կոնկրետ մարտի 1-ի դեպքի հետ կապված, կարծում եմ` դա զուտ հռետորաբանության արդյունք է, ոչ ավել», - ամփոփեց Ազգային ժողովի փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG