Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ադրբեջանի որեւէ արկածախնդրություն կարագացնի մեր կողմից ԼՂՀ-ի ճանաչումը»


«Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն կարագացնի մեր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթավերջին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից Նյու Յորքում կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

«Այն, որ տարիների ընթացքում Հայաստանը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է նրանով, որ Հայաստանը փորձել է արդյունք ձեւակերպել բանակցությունների միջոցով», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։

«Արցախն արդեն 20 տարուց ավել վայելում է իր անկախությունը եւ չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն, ինչն արդեն ունի եւ ինչը վաստակել է իր որդիների արյամբ: Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որեւէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել», - ընդգծել է Հայաստանի նախագահը։

«Մեր նպատակը եղել եւ մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից: Անհարկի, միակողմանի զիջումները բացառվում են», - հավաստիացրել է Սերժ Սարգսյանը։

«Եղել եւ մնում ենք համոզված. կարգավորման ընթացքում իրական արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ են քայլեր եւ գործողություններ, որոնք կնպաստեն հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի սպառնալիքի կիրառումը, քանի դեռ Ադրբեջանում առկա է հայատյացության մթնոլորտը, որն այսօր ունենք՝ իրական առաջընթացի մասին խոսելը շատ բարդ է լինելու», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, շեշտել է. - «Արձանագրությունները մնում են չվավերացված, Հայաստան - Թուրքիա սահմանը մնում է փակ, Թուրքիայի թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ շարունակվում են, սակայն, եթե Թուրքիայի իրական դեմքը հայտնի էր հային, աշխարհի որ ծայրում էլ նա լիներ, այժմ, նշված գործընթացի արդյունքում, Թուրքիայի դեմքը բացահայտվեց նաեւ աշխարհի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG