Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից շեշտում է ազգերի ինքնորոշման իրավունքը


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում: 23-ը սեպտեմբերի, 2011թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում: 23-ը սեպտեմբերի, 2011թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է ղարաբաղյան կարգավորմանը` առանձնացնելով ազգերի ինքնորոշման իրավունքը:

«Երեք տարի առաջ, պատիվ ունենալով խոսելու այս ամբիոնից, ես նշել էի, որ ժամանակն է եկել լուրջ անդրադարձ կատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը 21-րդ հարյուրամյակի պայմաններում: Այսօր մենք ականատես ենք այս անքակտելի իրավունքի իրացման նոր օրինակների», - ասել է Սերժ Սարգսյանը` շնորհավելով ՄԱԿ-ի նորընտիր՝ 193-րդ անդամին՝ Հարավային Սուդանի Հանրապետությանը, որի ճանապարհը «մինչեւ այս դահլիճում տեղ ունենալը երկար էր ու դժվարին». - «Միեւնույն ընտրությունը երկու տասնամյակ առաջ կատարել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը` իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին եւ արյան գնով նվաճելով իր ազատ ապրելու իրավունքը»:

Գործադրված ու գործադրվող միջնորդական ջանքերի համար շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու այդ երկրների ղեկավարներին` Հայաստանի նախագահը շեշտեց, որ «միջնորդները չեն կարող բանակցող կողմերի փոխարեն համաձայնություն կայացնել»:

«Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաեւ ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաեւ խաղաղ գոյակցության ապագան»:

«Վերջին տարիներին Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերով եւ մասնավորապես ՌԴ նախագահի անմիջական միջնորդությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Մայնդորֆի, Աստրախանի, Սոչիի հռչակագրերը, որտեղ հստակ ձեւակերպվել է կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտությունը: Նշված փաստաթղթերում առկա է նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը: Սակայն Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները», - ասել է Հայաստանի նախագահը: - «Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել: Եվ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով»:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը. - «Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է բազմաթիվ երկրների, խորհրդարանների, միջազգային կառույցների, ցեղասպանագետների հանրության կողմից: Ինչը, ցավոք, չենք կարող ասել Թուրքիայի Հանրապետության մասին, որը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած այս ոճրագործության ժխտման քաղաքականություն: Առանց ճանաչման եւ դատապարտման հնարավոր չէ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ողջ կարողությունները ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն «ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից». - «Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնք ուղղված են սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագային: Ուզում եմ հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր տարածաշրջանը համատեղ ջանքերի շնորհիվ կսկսի ընկալվել ոչ թե որպես սահմանագիծ, այլ քաղաքակրթությունները միավորող ամուր եւ կայուն կամուրջ»:

«Երկու օր առաջ Հայաստանի Հանրապետությունը նշեց իր 20-ամյա հոբելյանը: Ազատություն, խաղաղություն եւ ժողովրդավարություն` սա է մեր ընտրությունը, եւ մենք ընթանում ենք այդ ճանապարհով: Շատ բան մեզ հաջողվել է, շատ բան դեռ ունենք անելու, բայց մի բանում ավելի քան համոզված ենք` ճանապարհը, որով ընթանում ենք, իսկապես ճիշտ ճանապարհ է եւ այլեւս հետդարձ չունի», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նդտաշրջանի իր ելույթում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG