Մատչելիության հղումներ

logo-print

Մեծամորի ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ իր սեղանին դրված են ատոմակայանի 143 աշխատակիցների դիմումները` աշխատավարձերը բարձրացնելու պահանջով:

«Հիմնականում դիմել են ինձ, աշխատավարձից են դժգոհ… [Պահանջում են, որ] աշխատավարձի հարցը լուծվի, հակառակ դեպքում խնդրում են իրենց ազատել», - փոխանցեց Մարկոսյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմումատուների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտությունից եւ կատարած աշխատանքից:

Միջին աշխատավարձի չափն էլ առանձնացրեց ՀԱԷԿ-ի գործադիր տնօրենը` 277 հազար 500 դրամ:

Սեպտեմբերի 5-ից ատոմակայանը 46 օր տեւող պլանային վերանորոգման մեջ է։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկուշաբթի օրը Վիեննայում մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 55-րդ նստաշրջանին ադրբեջանական պատվիրակության նախագահ, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Մահմուդ Քերիմովը կրկին ելույթ է ունեցել Հայաստանի ատոմակայանը փակելու կոչով:

Հիշեցնենք, սակայն, որ այս տարվա հունիսին միջազգային փորձագետների խումբը, ավարտելով Մեծամորի ատոմակայանում երկու շաբաթից ավելի տեւած անվտանգության գնահատմանն ուղղված ստուգումը, եզրակացրել էր, որ հայկական ատոմակայանի ներկայացրած ռիսկն «ընդունելի է»:

Հարցին` արդյո՞ք ազատման դիմում ներկայացրածները ՀԱԷԿ-ի այն մասնագետներն են, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել, տնօրենը պատասխանեց. - «Ատոմակայանում ոչ կարեւոր մարդիկ չկան»:

2008-ին, հիշեցնենք, ՀԱԷԿ-ի125 աշխատակիցներ դիմել էին ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին` ատոմակայանում վնասակար եւ առանձնապես վնասակար աշխատապայմաններում աշխատողների հավելավճարների վերահաշվարկի արդյունքում աշխատակիցներին շուրջ 630 մլն դրամ գումար պարտքի խնդրով:

Գագիկ Մարկոսյանը չհերքեց, որ 3 տարի առաջ նույնպես աշխատակիցները բողոք են ունեցել, սակայն ատոմակայանը իր 630 մլն դրամ պարտքը ամբողջությամբ մարել է:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանի խոսքով, չնայած հարյուրից ավելի աշխատակիցների բողոքին, ՀԱԷԿ-ում բնականոն աշխատանքային ռեժիմ է, բոլորն աշխատում են. - «Այս պահին ատոմակայանը գտնվում է վերալիցքավորման եւ պլանային նորոգման մեջ: Ատոմակայանում նորմալ, բնականոն աշխատանքը շարունակվում է: Նույնիսկ դիմողները, որոնք հերթափոխի մեջ են, նորմալ աշխատում են»:

Գագիկ Մարկոսյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ ընթացք կստանան 143 աշխատակիցների դիմումները: Նա խոստացավ առաջիկայում անդրադառնալ այդ հարցին, թեեւ հավելեց, որ ատոմակայանը «ավելորդ գումարներ չունի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG