Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանի պնդմամբ` ՀԱԿ առաջնորդը փորձել է ընդգրկել իրեն ընդդիմադիր ճամբարում


Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյան

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ուրբաթ օրը վերահաստատեց, որ մտադրություն չունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրվել` միեւնույն ժամանակ շեշտելով, որ չի էլ պատրաստվում վաղաժամ հրաժարվել մանդատից:

«Մեծ հաճույքով կհրաժարվեի հիմա, բայց հիմա անիմաստ է, որովհետեւ 2-3 ամիս է մնացել, լրացուցիչ ծախսերի տակ պետությանը գցել, որ նոր ընտրություն լինի ... չէ՞ որ ամեն ընտրություն պետության համար ուղղակի ֆինանսական ծախս է: 2-3 ամսվա համար արժի՞, որ ես հրաժարական տամ, հեչ չարժի, դրա համար ցանկալի չէ: Մնացել է 2-3 ամիս, համբերեք, էլի', կգնամ, ի՞նչ եք ուզում: Եթե էդքան շատ խանգարում եմ ձեզ` որպես պատգամավոր, չեմ լինի: Ես եմ ասել, որ դա իմ տեղը չէ», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր մամուլում իր հասցեին հնչող քննադատությանը, Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե իր դեմ արշավ է իրականացվում, քանի որ 2008-ի ընտրություններից առաջ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ փորձել է իրեն ընդգրկել ընդդիմադիր ճամբարում, բայց ինքը հրաժարվել է:

«Ուրեմն, լսե'ք, ինքը երազում էր, ինքը երեք անգամ խնդրել է ինձ, եկել է ինձ մոտ, խնդրել է: Վերջին անգամ 2008 թվականին հունվար ամսին խնդրել է, որ ես դավաճանեմ: Բայց ես էդ տեսա՞կն եմ, որ դավաճանեմ», - ասաց Հայրապետյանը` պարզաբանելով, որի իր հետ հանդիպել է Տեր-Պետրոսյանի պատվիրակը. - «Իսկ անձամբ ինքը բազմաթիվ անգամներ է հանդիպել, 2007 թվականի օգոստոս ամսին է եղել վերջին հանդիպումը Սեւանի «Հարսնաքարում», այո', ես չէի տարել, ինքը Նիկոլ Փաշինյանի գյուղից գալիս էր, մտել է ինձ տենալու»:

«Եթե ես չմիացա Լեւոն Տեր-Պետրոսյանին, դարձա վա՞տը», - հարցնում է Ռուբեն Հայրապետյանը ու շարունակում. - «Սերժ Սարգսյանը 1996 թվականին ինձ փրկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ճիրաններից, ես էդ մարդուն ո՞նց կդավաճանեի»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Հայրապետյանը անդրադարձավ նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ իր եւ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի եւ Լեւոն Սարգսյանի շահած դատական գործին: Նրա խոսքով, մեղադրելով իրեն ծանր հանցագործությունների մեջ` օրաթերթը խնդիր է դրել վարկաբեկել ու խայտառակել իրեն: Հայրապետյանը պնդեց, որ թերթը իրեն զրպարտել է` գրելով, թե ինքը զբաղվում է թրաֆիկինքով, փողերի լվացմամբ եւ նարկոբիզնեսով, մինչդեռ ինքն անձամբ է պատժում թմրանյութ օգտագործողներին:

«Գնացեք Ավանում հարցրեք, թե ո՞նց է վարվում ինքը նարկոմանների հետ ընդհանրապես, հաշիշ վաճառող մարդկանց հետ ո՞նց է վարվում: Բոլորին է հայտնի, թե ես ոնց եմ վարվում էդ մարդկանց հետ: Կանչում եմ եւ զրուցում եմ հետը, ասում եմ` դուք շատ վատ արարք եք անում… չգիտե՞ք ես ինչ պիտի անեմ` պիտի պատժեմ, ծեծեմ… թե մտածելո՞ւ եք, խուսափելու եմ... ես, որ ասեն ջութակ է նվագել, այ, այդ ժամանակ զարմացեք, ժողովո'ւրդ ջան», - ասաց Հայրապետյանը:

Իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպը, երբ կրակոցների հետեւանքով 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց, Ռուբեն Հայրապետյանի վստահեցմամբ` իր հետ կապ չունի, իսկ իրեն այդ հանցագործության հետ կապող լրատվամիջոցներին դատի չի տվել որովհետեւ «ֆինանսական միջոցները ուղղել էր [ֆուտբոլի] ազգային հավաքականի հաջող խաղերին»:

«Դրա համար դատարանների վրա չէի ուզում ծախսել, էսա որ Նիկոլ Փաշինյանի գումարները ստանանք, կդիմեմ երեւի», - ասաց ԱԺ պատգամավորը:

Հայրապետյանի խոսքով` պատգամավորական աթոռից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ կարողանա արժանի պատասխան տալ իր նկատմամբ նման վերաբերմունքին:

«Այն մարդիկ, որոնք նկարս միամիտ տեսնում են, վախից ինսուլտ են ստանում, հանկարծ որոշել են, որ ինձ ինչ ասես կարող են ասել: Այ, երբ որ ես պատգամավոր այլեւս չեմ լինի, կխնդրեմ նաեւ կուսակցությունից դուրս գալ ժամանակավոր (հիմա ես անկախ մարդ չեմ), որ իմ արարքները չգնան իմ կուսակցությանը եւ գործընկերներին վարկաբեկելու վրա, այն ժամանակ կտեսնեն», - ասաց Հայրապետյանը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ խնդիր է դրել հավաքականի առջեւ հաղթել առաջիկա երկու խաղերում: Նա ասաց, որ իր երազանքն է տեսնել Հայաստանի հավաքականը Եվրո- 2012-ի եզրափակիչում, եւ այդ դեպքում թիմին 3 միլիոն եվրոյով պարգեւատրելու իր խոստումն էլ ուժի մեջ է:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG