Մատչելիության հղումներ

«Առաջնային խնդիրը նախաճգնաժամային մակարդակի վերականգնումն է»


Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)` երեկ հրապարակած տվյալների շուրջ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսական վերլուծաբան Բագրատ Ասատրյանի հետ:

«Ես եւս չեմ բացառում, որ տարեվերջին համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 4-5 տոկոս, սակայն, հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ակտիվացումը վկայող վերջին վիճակագրությունը, հարկ եմ համարում ընդգծել, որ նույնիսկ այդ պարագայում մենք չենք հասնում 2008 թվականի նախաճգնաժամային ցուցանիշներին», - ասաց Ասատրյանը:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով, հիշեցնենք, անցած տարվա օգոստոսի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա օգոստոսի դրությամբ կազմել է մոտ 9.5 տոկոս: Այդ թվում` նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.5, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` ավելի քան 21 տոկոսով: Շինարարությունը, մինչդեռ, նվազել է մոտ 25 տոկոսով:

Հիշեցնենք նաեւ, որ կառավարության կանխատեսմամբ, Հայաստանը տարին կփակի ՀՆԱ-ի մոտ 4.5 տոկոսի աճով:

Տնտեսական ակտիվացման հիշյալ ցուցանիշը, Բագրատ Ասատրյանը գնահատմամբ, ինքնին դրական է:

Վերլուծաբանը, սակայն, հավելեց. - «Ես կարծում եմ, առաջնային խնդիրը, իհարկե, նախաճգնաժամային մակարդակի վերականգման խնդիրն է: Երկրորդը տնտեսական աճի կամ տնտեսական զարգացման սոցիալական հետեւանքների խնդիրն է: Կարող է, չէ՞, տնտեսությունը աճ ունենալ, բայց սոցիալական ոլորտում այդ դրական տեղաշարժերը չլինեն կամ լինեն չնչին, ինչպես այսօր է կատարվում»:

Թեեւ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճն արտահայտվում է երկնիշ թվով, այդուամենայնիվ, ըստ Բագրատ Ասատրյանի, դեռեւս չի կարելի խոսել այս ոլորտում արձանագրված սկզբունքային բեկման մասին: Էկոնոմիկայի նախարարը, հիշեցնենք, վերջերս հայտարարել էր, որ արդյունաբերությունն այլեւս Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն է:

«Եթե այդպես լինի, ես ուղղակի երջանիկ եւ ուրախ կլինեմ», - այդ կապակցությամբ ասաց վերլուծաբանը` հավելելով. - «Ինքնին ծավալները արդյունաբերական արտադրանքի դեռ ցածր են, արդյունաբերությունը դեռ որոշիչ չէ` բոլոր իմաստներով»:

Վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից հրապարակվում են միջազգային հեղինակավոր գործակալությունների` Հայաստանին վերաբերող գնահատականներ, որոնք որոշակի ուղղություններով դրական միտումներ են նշում: Մասնավորապես, վերջերս Fitch գործակալությունն արձանագրել էր հայաստանյան պարտքի բեռի կառավարելիությունն ու գործարար միջավայրի բարելավումը:

Երեկ միջազգային մեկ այլ կազմակերպության` Heritage Foundation-ի հրապարակած նոր զեկույցին էր անդրադարձել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ զեկույցում ներկայացված է Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը:

«Մեր ցուցանիշներն ընդանուր առմամբ բարելավվում են. 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը, դա բավական լավ ցուցանիշ է», - ասել էր Տիգրան Սարգսյանը` ընդդիմախոսներին խորհուրդ տալով այսուհետ բանավիճել ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ:

Մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների գնահատականները` Բագրատ Ասատրյանը ասաց. - «Վատ չէ, որ արձանագրում են: Բայց կարծում եմ, դա ավելի «փաստաթղթային» բարելավում է: Կան, իհարկե, դրական տեղաշարժեր: Օրինակ, բիզնեսի գրանցման տեսանկյունից Հայաստանը իսկապես մեծ առաջընթաց է ապրել… Բայց եկեք խնդրի մյուս կողմը նայեն` իսկ բիզնեսի իրականացմա՞ն համար»:

Վերլուծաբանը հետեւյալ հարցերն է հնչեցնում. նվազե՞լ է արդյոք կոռուպցիան, կրճատվե՞լ է արդյոք երկրում մենաշնորհների դերը, այլեւս հարմարավե՞տ է իրեն զգում փոքր բիզնեսը, եւ արձանագրում, որ բովանդակային տեղաշարժ չկա. - «Եթե բովանդակային տեղաշարժ լիներ, հավատացեք, մեր մենաշնորհները մի քիչ արդեն խեղճացած կլինեին… Վատ տնտեսական պայմաններում մենաշնորհներից մեկը կսնանկանար: Իսկ մենք ինչքան էլ վատ ապրենք, մի խումբ մարդիկ ունենք` քաղաքական, տնտեսական մենաշնորհ ունեցող անձինք, որոնք անընդհատ հարստանում են»:

Բագրատ Ասատրյանի խոսքով, այս ամենի համատեքստում արդեն իսկ նշմարվում ու տեսանելի է դառնում Հայաստանի 2011 թվականի գերխնդիրը` ահագնացող արտագաղթը. - «2011 թվականի ընթացքում մենք ունենալու ենք վերջին տասնամյակում կամ երրորդ հազարամյակում ամենաբարձր արտագաղթը: Դա նշանակում է, որ մեծ թվով մեր քաղաքացիներ բավարարված չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG