Մատչելիության հղումներ

Երեւանում ծանր հանցագործության մեջ կասկածվողներ են վնասազերծվել


Վնասազերծվել է կասկածվող խումբ. կա դիակ
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00
Ուրբաթ վաղ առավոտյան Երեւանի Մյասնիկյանի պողոտայում` Կենդանաբանական այգի տանող ճանապարհին, ոստիկանությունը ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց է վնասազերծել։

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր համոզմամբ, վնասազերծված խումբը հենց այն խումբն է, որը վերջին շրջանում աղմկահարույց ավազակային հարձակումներ էր իրականացնում Երեւան քաղաքում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին դեպքի վայրում աշխատող քննչական խմբի անդամները, վաղ առավոտյան ոստիկանները հետապնդել են հանցագործության մեջ կասկածվող խմբին, ովքեր փախուստի ժամանակ սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60OO086 պետհամարանիշով մեքենայով բախվել են փողոցի սյանը, ինչից հետո մեքենայից դուրս գալով փորձել են փախուստի դիմել: Ըստ քննչական խմբի անդամների` նրանցից երկուսին հաջողվել է բերման ենթարկել, իսկ երրորդը փախուստի ժամանակ Մյասնիկյանի պողոտայի հարեւանությամբ գտնվող ժայռից վայր է ընկել եւ մահացել։

Դեպքի վայր «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ժամանման պահին տղամարդու դիակը դեռ չէին տեղափոխել. մահացածը 40-ն անց տարիքի մի տղամարդ է։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, մահացած տղամարդը նախկինում դատված է եղել ավազակային հարձակումների համար: Նա անգամ «բանդիտիզմ» հոդվածով է դատապարտվել եւ ազատ էր արձակվել 2010 թվականին: Նազարյանի փոխանցմամբ, «ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել ավազակային խմբի որջը»: Երեւանի ոստիկանապետը նաեւ ասաց, որ «մոտ 5-6 հոգի են բերման ենթարկվել, որոնողական աշխատանքները շարունակվում են»:

«Երեք հոգի երեկ վերցվել է մեր տղաների կողմից, մեկը մահացել է` ժայռը մագլցելուց, մեծ քանակի զենք-զինամթերք է առգրավվել` մեքենայի միջից եւ իրենց որջից», - ասաց Ներսես Նազարյանը:

Արձագանքելով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե բերման ենթարկվածներից մեկը պաշտոնյայի որդի է, Երեւանի ոստիկանապետը ասաց. - «Չէ, դեռ փաստը չկա, մարդիկ կան բերված, որոնք պարզաբանվում են, որոնց մեղքը պետք է անպայման ապացուցվի, որից հետո նոր կարողանանք... հիմա մի քիչ տգեղ կլինի նման արտահայտություն [անելը], շտապել, ամեն մեկի մեղքը կպարզաբանվի, բոլորը ըստ արժանվույն կպատժվեն»:

Ներսես Նազարյանի փոխանցմամբ` վնասազերծված անձինք նոր հանցագործություն կատարելու ճանապարհին են եղել, երբ ոստիկանները նրանց բերման են ենթարկել:

Մամուլը¸ մասնավորապես էլեկտրոնային լրատվամիջոցները առավոտից տեղեկացնում էին, որ ավազակային հարձակումներ կատարող խմբում կան նաեւ պաշտոնատար անձանց որդիներ։ Սակայն ավելի ուշ հիշյալ պաշտոնատար անձինք հերքեցին իրենց զավակների մասնակցությունը ավազակային խմբի գործունեությանը։

Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեցին, թե ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի որդին որեւէ առնչություն ունի այսօր վնասազերծված բանդայի հետ, եւ փոխանցեցին, որ Միրզոյանը պատրաստվում է դատի տալ ակնհայտ զրպարտություն տարածած լրատվամիջոցին։

Իսկ ինչ վերաբերում է ՀՔԾ-ի պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդուն, որը, ըստ լրատվամիջոցների, նույնպես ներգրավված է եղել ավազակային խմբում, ապա Հատուկ քննչականից պարզաբանեցին, որ այսօր առավոտյան իրականացված վնասազերծման օպերացիան տեղի է ունեցել Մաթեւոսյանի տան մոտակայքում, եւ ավելի ուշ Մաթեւոսյանի որդին բերման ենթարկվել է ոստիկանություն, սակայն նրա մեղսակցության վերաբերյալ որեւէ կասկած այս պահի դրությամբ չկա: Այս պահին նա դեռ ոստիկանությունում է։

«Կարծում ենք, ավելի ուշ նախաքննական մարմինը հանդես կգա հայտարարությամբ եւ պարզաբանումներ կտա, թե ովքե՞ր եւ ի՞նչ կասկածանքով են բերման ենթարկվել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ՀՔԾ-ից:

Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Անդրանիկ Միրզոյանը պատրաստվում է դատի տալ panARMENIAN.Net էլեկտրոնային պարբերականին` համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ հոդվածի, որով պատասխանատվություն է սահմանված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վնաս պատճառելու համար։

Հերքումով հանդես եկավ նաեւ Վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը¸ պնդելով, որ իր որդին որեւէ կապ չունի այդ բանդայի հետ:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ բերման է ենթարկվել 13 մարդ: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG