Մատչելիության հղումներ

Թուրքիան Ադրբեջանից պահանջում է վերանայել կապերը Իսրայելի հետ


Հակաիսրայելական բողոքի ցույց Բաքվում Իսրայելի դեսպանատան առջեւ, հունիս, 2010թ.

Հակաիսրայելական բողոքի ցույց Բաքվում Իսրայելի դեսպանատան առջեւ, հունիս, 2010թ.

Թուրք - իսրայելական օր-օրի վատթարացող հարաբերությունները լուրջ երկընտրանքի առջեւ են կանգնեցրել Ադրբեջանի իշխանություններին, որոնք, մի կողմից, եղբայրական կապեր ունեն Թուրքիայի հետ, մյուս կողմից` սերտացնում են տնտեսական ու ռազմատեխնիկական համագործակցությունը Իսրայելի հետ։

Եվ եթե ամիսներ շարունակ պաշտոնական Բաքվին հաջողվում էր խուսանավել երկու դաշնակիցների միջեւ, ապա այժմ Անկարան պահանջում է ընտրություն կատարել իր ու Իսրայելի միջեւ։

Շաբաթվա սկզբին, մասնավորապես, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը բաց տեքստով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին` սառեցնել հարաբերությունները Իսրայելի հետ։

«Թուրք - իսրայելական հարաբերությունների վատթարացման այս փուլում եղբայրական Ադրբեջանը եւս պետք է վերանայի իր կապերը Իսրայելի հետ», - հայտարարեց Թուրքիայի դեսպանը` որպես օրինակ բերելով հայ - թուրքական հարաբերությունները. - «Պատմության ընթացքում Թուրքիան մշտապես եղել է Ադրբեջանի կողքին, հենց Ադրբեջանի պատճառով է, որ մեր սահմանները փակ են արդեն 18 տարի, եւ այս պայմաններում Թուրքիայի ունեցած խնդիրները նաեւ պետք է Ադրբեջանին մտահոգեն»։

Ընդ որում, դիվանագիտական հայտարարությունից բացի, դեսպանը նաեւ ուրվագծեց` կոնկրետ ինչ է Անկարան ակնկալում եղբայրական Բաքվից։ «Մենք գիտենք, որ Ադրբեջանը Բաքու - Ջեյհան նավթամուղով նավթ է մատակարարում Իսրայելին», - հիշեցրեց դեսպանը` հավելելով. - «Կարծում եմ, Ադրբեջանի կառավարությունը գիտի` ինչ է պետք անել»։

Էներգետիկ ոլորտը այժմ հրեական պետության ամենաթույլ կետերից մեկն է. ինչպես հաղորդում է տեղական «Գլոբուս» տնտեսական պարբերականը, Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսը դադարեցրել է գազի մատակարարումը Իսրայելին, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի գինն ավելացել է 10 տոկոսով։ Եթե ստանձնած պարտավորություններից հրաժարվի նաեւ Ադրբեջանը, որը Իսրայելի խոշոր մատակարարներից մեկն է նավթային ոլորտում, պաշտոնական Թել Ավիվը իսկապես լուրջ խնդիրների առջեւ կկանգնի` փաստում են փորձագետները։

Բաքվում, սակայն, առայժմ խուսափում են այս հարցի շուրջ կտրուկ հայտարարություններից, միեւնույն ժամանակ, փորձում են հավաստիացնել Թուրքիային, թե հավատարիմ են եղբայրական հարաբերություններին։ «Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, եւ Ադրբեջանը մշտապես հաշվի է առել Թուրքիային վերաբերող հարցերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը ու միաժամանակ հույս հայտնել, թե երկու երկրների` Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները, այդուամենայնիվ, շուտով կբարելավվեն։

Ադրբեջանցի փորձագետների համոզմամբ, սակայն, պաշտոնական Բաքուն երկար չի կարող շարունակել այս երկակի խաղը եւ ստիպված կլինի առաջիկայում որոշում կայացնել։ «Երբ Թուրքիան փորձում էր բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, Ադրբեջանը ընդդիմացավ եւ հայտարարեց, թե Անկարան պետք է հաշվի առնի նաեւ Բաքվի շահը։ Թուրքիան արեց, եւ հիմա էլ նույնն է պահանջում Ադրբեջանից` Իսրայելի հարցում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է «Ատլաս» քաղաքագիտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն ու հավելում. - «Ժամանակն է, որ հիմա էլ Ադրբեջանը արձագանքի Թուրքիայի պահանջին»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG