Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Մոսկվայում բացվում է «Եդինայա Ռոսիա»-ի համագումարը։ «Ռոսիյսկայա գազետա»-ի մեկնաբան Սերգեյ Սոկոլովսկին այդ կապակցությամբ սրամտորեն նկատել է, որ եթե Ռուսաստանում անցկացվեր տարվա քաղաքական ամենաառեղծվածային իրադարձության մրցույթ, ապա համագումարը դրանում անպայման հաղթանակի կհավակներ։

Համագումարի հետ կապված` կա երեք չափազանց հետաքրքիր հարց։

Դրանցից առաջինն այն է, թե ինչպիսի հարաբերություններ կձեւավորվեն «Եդինայա Ռոսիա»-ի եւ Համառուսաստանյան ժողովրդական ճակատի միջեւ, եւ ճակատից ովքե՞ր կընդգրկվեն «Եդինայա Ռոսիա»-ի նախընտրական ցուցակում։

Երկրորդ` արդյո՞ք Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը կընդգրկվեն «Եդինայա Ռոսիա»-ի համադաշնային խորհրդարանական ցուցակում։

Եվ երրորդ, թերեւս, ամենամեծ ինտրիգը` արդյո՞ք իշխող կուսակցությունը վերջապես կհայտնի 2012 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը։

Ենթադրվում է, որ առաջին երկու հարցերի պատասխանները համագումարում կտրվեն. հենց այսօր կքննարկվի եւ կհրապարակվի նախընտրական ցուցակը, տեղի կունենա նաեւ Համառուսաստանյան ժողճակատի եւ կուսակցության անդամ չհանդիսացող պատգամավորության թեկնածուների խնդրի քննարկումը։

Սակայն 2012-ի ռուսական քաղաքական հանելուկի` նախագահության թեկնածուի հարցում դեռ անորոշություն է։

«Եդինայա Ռոսիա»-ի երկօրյա համագումարին ներկա կլինի շուրջ 10 հազար մարդ։ Մասնակիցների թվում ոչ միայն կուսակցության անդամներ են, այլեւ Համառուսաստանյան ժողճակատին միացած հասարակական կազմակերպությունների անդամները։

Այսօր 1300 պատվիրակներ քննարկելու են կուսակցության «Ժողովրդական ծրագրի»` շրջաններին վերաբերող դրույթները։ Կուսակցությունը իր լիդերի` Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ մինչ այդ արդեն անցկացրել է 8 շրջանային խորհրդակցություն։

«Եդինայա Ռոսիա»-ի նախընտրական ցուցակում կլինի 600 թեկնածու, 350-ը` կուսակցականներ, իսկ 250-ը` Համառուսաստանյան ժողճակատի անդամներ եւ անկուսակցականներ։

Վաղը նախատեսված են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի ելույթները։ Իսկ գալիք կիրակի օրը` սեպտեմբերի 25-ին Համառուսաստանյան ժողճակատի հովանու ներքո տեղի կունենա Համառուսաստանյան մեդիաֆորում։

«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը լուսաբանող ռուսաստանցի եւ օտարերկրացի լրագրողների թիվը արդեն անցել է 1300-ից։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG