Մատչելիության հղումներ

Նորակառույց ծխատարը չի լուծում Ալավերդու էկոլոգիական խնդիրները


Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանը:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով գործարանի հին ծխնելույզը փոխարինվել է նորով, ինչը, սակայն, բնապահպանների համոզմամբ, չի լուծում էկոլոգիական խնդիրները:

Նոր ծխատարը նախկինից 300 մետրով բարձր է: Ակնկալվում է, որ դա մոտ 10 անգամ կնվազեցնի վնասակար արտանետումները մթնոլորտ:

Ալավերդու էկոլոգիական խնդիրների լուծման մի քանի տարբերակներից APC ընկերության ընտրել է ժամանակավոր նոր ձխնելույզի կառուցումը:

«Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը այսօր հայտարարեց, որ մի քանի տարուց սկսելու են ծծմբաթթվի արտադրամասի շինարարությունը, ինչը կտրուկ կնվազեցնի վնասակար արտանետումները, քանի որ դրանցից որսված խիստ վտանգավոր ծծմբային անհիդրիդից կարտադրվի ծծմբական թթու:

«Ծծմբաթթվի արտադրամասն էլ լինելու ժամանակավոր, որովհետեւ, որպեսզի մենք կարողանանք Հայաստանում կառուցել ժամանակակից արտադրություն, պետք է լուծենք մի քանի հարց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մեջլումյանը` շարունակելով. - «Առաջին հերթին ծնել եւ զարգացնել է պետք շուկան: Ուղղություններից մեկն է` այդ ծծմբաթթուն օգտագործել նույն լեռնահանքային ասպարեզում` վերամշակելով օքսիդացած հանքաքարը»:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, որ նոր ծխատարի կառուցումը թեեւ կնվազեցնի վնասակար արտանետումների քանակը Ալավերդի քաղաքում, սակայն կվնասի հարակից բնակավայրերն ու անտառները. - «Պետք է հաշվի առնենք, որ այդ տոքսիկ նյութերը հենց այնպես չեն կորչում: Դրանք, խողովակի բարձրության դեպքում, կարող են հասնել մոտակա բնակավայրերը»:

Սանասարյանը «ծանր ու անհանգստացնող» որակեց մարզի էկոլոգիական ընդհանուր վիճակը` դրանում մեղադրելով պետական պաշտոնյաներին:

«Ալավերդի քաղաքում տիրող էկոլոգիական աղետի գլխավոր պատասխանատուները ոչ թե արդյունահանողներն են, այլ այն մարդիկ, ովքեր տալիս են թույլտվություն, եւ նրանք, ովքեր սահմանադրորեն երաշխավոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի ապահովության», - հայտարարեց նա:

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի գրեթե 100 տոկոսը քաղցկեղածին ծծմբի երկօքսիդն է, որի տարեկան արտանետումները մոտ 11 անգամ գերազանցում են սահմանային թույլատրելի նորման:
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG