Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետը նախ ձեռնամուխ կլինի քաղաքապետարանի աշխատանքը թափանցիկ դարձնելուն


Շուրջօրյա ջրամատակարարման մասին երազող Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետը մեծ խոստումներով, անսահման էներգիայով եւ մեծ ոգեւորությամբ սպասում է իր նոր պաշտոնական լիազորությունները ստանձնելուն։

Լեռնային Ղարաբաղի կառավարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Սուրեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ պատմեց, թե ինչպես որոշեց քաղաքապետ դառնալ՝ թողնելով իր բարձր պաշտոնը։

«Պաշտոնի բարձրությունն ինձ այնքան էլ չի հրապուրում։ Հարցը այն է, որ օգտակար լինենք ցանկացած պաշտոնում մեր հանրապետությանը, ժողովրդին։ Իսկ քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հիմնական հանգամանքը այն էր, որ նախեւառաջ ես ծնվել-մեծացել եմ Ստեփանակերտում եւ իսկապես մեր քաղաքը սիրում եմ», - նշեց Ստեփանակերտի 53-ամյա նորընտիր քաղաքապետը, ով դեռեւս խորհրդային տարիներից զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ եւ վերջին 9 տարվա ընթացքում եղել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։

Այն հարցին, թե ո՞րն է լինելու քաղաքապետի առաջին գործը, Սուրեն Գրիգորյանն ասաց, թե նախ ձեռնամուխ է լինելու քաղաքապետարանի գործունեությունը թափանցիկ դարձնելուն եւ պայմաններ ստեղծելուն, որպեսզի ամեն քաղաքացի քաղաքապետարանին դիմելու եւ պատասխան ստանալու հնարավորություն ունենա։

Նորընտիր քաղաքապետի խոստումները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում․ - «Մտադրված եմ լուրջ զբաղվել մեր Ղարաբաղի սիմվոլի՝ «Տատիկ-Պապիկի» հուշարձանի բարեկարգման աշխատանքներով։ Ինձ շատ մտահոգում է մեր թատրոնի հարցը՝ թատրոնի շենքը։ Բնական է՝ սրանք լուրջ խնդիրներ են, բայց ես այս հարցադրումները պիտի անեմ։ Իմ ծրագրում նախատեսում եմ նաեւ սկսել ձեւավորել Ստեփանակերտի պատմության թանգարանը»։

Սուրեն Գրիգորյանը համոզված է, որ ընտրողներին միայն իր խոստումներն ու քարոզարշավը չեն գրավել։

«Երեւի մարդիկ որոշակի հույսեր են կապում՝ նաեւ իմանալով իմ անձնական հատկանիշները եւ այլն։ Ես էլ ցանկություն ունեմ աշխատելու եւ մի բարի գործ անելու մեր քաղաքի համար։ Ինձ հրապուրում է այդ աշխատանքը, ես սիրում եմ, երբ որ մի գործ ես կատարում, եւ գործի արդյունքները տեսնում ես», - նշեց Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG