Մատչելիության հղումներ

Երիտասարդական նվագախումբը կմեկնի Եվրոպա հյուրախաղերի


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգային ծրագրով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը հանդես կգա Եվրոպայում:

«Անկախությունը տոնում ենք դասական երաժշտությամբ», - նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով ուրախ է, որ հենց երիտասարդական նվագախմբին է վստահվել հանդես գալ Եվրոպայում Հայաստանի անկախության տոնի առիթով:

«Շատ պատասխանատու պահ է, քանի որ տոնում ենք մեր երկրի անկախության 20-ամյակը: Ինձ համար շատ խորհրդանշական է, որ ազատ Հայաստանը 20 տարեկան է, եւ մենք [նվագախմբի երաժիշտները] անկախ Հայաստանի տարեկիցներեն ենք` 20, 22 տարեկան», - նշեց նա:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումը Եվրոպա համերգների կմեկնի մեծ, լարային ու հարվածային կազմով` 62 երաժիշտ, ովքեր հանդես կգան Բելգիայում, Շվեդիայում եւ Գերմանիայում: Համերգային շրջագայությունը կարզմակերպել է Մշակույթի նախարարությունը եվրոպական երկրների դեսպանատների աջակցությամբ:

Սեպտեմբերի 26-ն երիտասարդները հանդես կգան Բրյուսելում, 27-ին` Բեռլինում, 29-ին` Գերմանիայի հարավ-արեւմուտքում գտնվող Կարլսրուե քաղաքում եւ հոկտեմբերի 1-ին` Հաագայում:

Ծրագիրը չի կրկնվի, կնվագեն տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում Վիվալդիի, Բախի, Հենդելի եւ Շոպենի: Հայ կոմպոզիտորների աշխատանքներից ծրագրում տեղ են գտել Էդուարդ Միրզոյանի, Էդուարդ Հայրապետյանի եւ Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությունները:

Որպես մենակատարներ երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Սերգեյի քույրը` դաշնակահար Լուսինե Խաչատրյանը, ջութակահար Կարեն Հարությունյանը եւ բարիտոն Գեւորգ Հակոբյանը:

Սերգեյ Սմբատյանը սեփական փորձից գիտի` հանդիսատեսը կազմված կլինի միջին եւ ավելի բարձր տարիքի մարդկանցից: Այս առումով նա կարծում է, որ հայ հանդիսատեսին եվրոպականի հետ չես կարող համեմատել:

«Մենք Հայաստանում ինչքան հյուր ունեցել ենք, փայլուն երաժիշտներ, որ հանդես են եկել աշխարհի չորս կողմերում, ինչպես Մաքսիմ Վենգերովը, համերգից հետո նշել են, որ զարմացած են` ինչքան շատ են դահլիճում երիտասադները: Հայաստանի այդ պոտենցիալը շատ բարձր է», - ասաց Սերգեյ Սմբատյանը:
XS
SM
MD
LG