Մատչելիության հղումներ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց ակտիվանում են քաղաքական քննարկումները բացառապես համամասնակա՞ն, թե՞ նաեւ մեծամասնական ընտրակարգով դրանց անցկացման երկընտրանքի շուրջ:

Ընտրական երկու մոդելների կողմնակիցների եւ հակառակորդների փաստարկները հիմնականում հայտնի են:

Մեծամասնական համակարգը համարվում է խորհրդային ժառանգություն եւ իրեն սպառած մոդել, քանի որ այդ համակարգով առավելապես ընտրվում են ապաքաղաքական թաղային հեղինակությունները` հաճախ ընտրակեղծիքների ճանապարհով: Մյուս կողմից` դեռեւս չկա Հայաստանի միապալատ խորհրդարանում ռեգիոնները ներկայացնելու առավել արդյունավետ մեխանիզմ:

Ուրեմն` ո՞րն է ելքը:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կազմակերպված քննարկմանը առավել շատ մեծամասնական պատգամավորներ ունեցող, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը նշեց, թե իրենք դեմ չեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն, սակայն դրա նախադրյալները դեռեւս չեն հասունացել:

«Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ ունենալու առումով մենք պետք է ձեւավորենք մի միջավայր, որտեղ քաղաքական ուժերը եւ քաղաքական կյանքում իրենց դերակատարումը լինի կատարյալ` հարյուր տոկոս», - ասաց պատգամավորը` հավելելով, թե նաեւ հարկ է, որ այդ միջավայրում նրանք կարողանան իրենց ձայնը լիարժեքորեն հասանելի դարձնել ժողովրդին. - «Սակայն դրա համար անհրաժեշտ ժամանակը մենք դեռեւս չունենք»:

Սահակյանը նաեւ որոշակիորեն առարկեց այն պնդումներին, թե մեծամասնական մանդատները «խորհրդային վերապրուկ» են` ասելով. - «Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծ մասը այդ ընկալումը չունեն եւ ընդամենը, որպես այդ տարածքում ընտրված մեծամասնական պատգամավորներ, փորձում են ժողովրդի խոսքը հասցնել նաեւ այսօր պառլամենտ, կառավարություն»:

Քննարկումը վարող քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմանը, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները հաճախ բացակայում են նիստերից եւ խուսափում են ընտրողների հետ հանդիպումներից, Հովհաննես Սահակյանն արձագանքեց. - «Բացակայողների շարքում լինում են նաեւ համամասնական ընտրակարգով [ընտրված պատգամավորներ]: Բայց շատ լավ հարցադրում է: Առջեւում ընտրություններ են, եւ ժողովրդի կողմնորոշվելու համար առաջին կրեդոն լինի դա. թե ովքեր են ակտիվ, ովքեր են մասնակցում»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, հասարակությանն այսօր առավել մտահոգում է ոչ թե այս երկու ընտրակարգերից որեւէ մեկին նախապատվություն տալու հարցը, այլ առհասարակ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու խնդիրը:

«Բնակաբար, ի վերջո հանգրվանը պիտի լինի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը», - հարցի շուրջ իր կուսակցության հեռահար պատկերացումը հնչեցրեց Զոհրաբյանը:

Իսկ այսօրվա իրողությունների համատեքստում, ըստ Զոհրաբյանի, հաշվի առնելով ինչպես կուսակցությունների կայացածության աստիճանը, այնպես էլ ռեգիոնալ ներկայացվածության խնդիրը, հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգը դեռեւս արդարացված չէ:

«Չմոռանանք, որ մեր Սահմանադրության մեջ ամրագրված է անձի ընտրելու եւ ընտրվելու իրավունքը: Այսինքն` մեր Սահմանադրությունը ենթադրում է, որ անձը ինքնառաջադրվելու, այսինքն` ընտրվելու իրավունք ունի: Եվ եթե մենք անցնում ենք հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ապա ի՞նչ անենք Սահմանադրության այդ դրույթի հետ., - հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի կարծիքով, եթե իշխանությունները չունեն արդար ընտրությունների անցկացման քաղաքական կամք, իսկ հասարակության շրջանում էլ չկա քաղաքական ակտիվություն, ապա նման խնդրով բանավեճն իմաստազրկվում է: Օրինակ բերելով 1990 թվականին անցկացված խորհրդարանական ընտրությունները` նա ասաց, թե դրանք ամենաարդարն էին ցայժմ կայացածների մեջ:

«Արեւմտյան շատ ու շատ երկրներ միմիայն հարյուր տոկոսանոց մեծամասնական համակարգ ունեն: Այսինքն` պետք է հաշվի առնել յուրահատկությունները: Բայց եթե, ենթադրենք, իսկապես, ինչպես կոալիցիոն գործընկերները ասացին, որ իշխանությունը ցանկություն ունի, քաղաքական կամք ունի արդար, նորմալ ընտրություններ անցկացնելու: Այդ դեպքում մեր յուրահատկությունը պահանջում է, որ այդ չարիք ծնող օղակները վերացնեն: Չարիք ծնող օղակները եւ խանգարող օղակները մեծամասնական ընտրատարածքներն են», - ասաց Հակոբյանը:

Նրա համոզմամբ, սա այն դեպքը չէ, երբ մեծամասնական թեկնածուները քաղաքական նոր խոսք են բերում խորհրդարան, կուսակցություններից շատերն անգամ ամաչում են նրանց անունները ներառել իրենց համամասնական ցուցակների մեջ ու նրանց ուղարկում են մեծամասնական ընտրատարածքներ:

Իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ, այս բանավեճը զարգացած ժողովրդավարություններում սկզբունքային նշանակություն չունի, մինչդեռ Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է միայն գործող իշխանության վերարտադրմանը:

«Մեծամասնական ընտրված քանի՞ ընդդիմադիր պատգամավոր գիտեք», - հարց տվեց Ռուստամյանն ու շարունակեց. - «Մենք վաղուց պետք է համամասնական ընտրակարգ սահմանեինք, որ երկրում կուսակցություններն էլ ձեւավորվեին, որ 74-80 կուսակցությունները ձեւի համար չգրվեին, որ մասնակցեին ընտրություններին, եւ պարզ դառնար` քանի՞ կուսակցություն են իրական կուսակցություն: Ամբողջ աշխարհն էլ այդ ճանապարհով է անցել»:

Տեղին է հիշեցնել, որ ամիսներ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացրած իր 7 առաջարկների մեջ Հայ ազգային կոնգրեսը ներառել էր նաեւ հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG