Մատչելիության հղումներ

Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2011թ. օգոստոսին, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, վկայում են, որ Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ:

«Տնտեսական ակտիվության ինդեքսը դրական է. եթե այն համադրենք համախառն ներքին արդյունքի ինդեքսի հետ եւ փորձենք գնահատել, ապա տեսնում ենք, որ այստեղ էլ ունենք աճ։ Փորձագիտական գնահատականներով ՀՆԱ-ի աճն այս պահի դրությամբ կազմում է 4.5 տոկոս, եւ դա նշանակում է, որ 2011 թ. մեր ծրագիրն ամբողջությամբ իրատեսական է», - կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետը։

Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, աննախադեպ անկումից հետո գյուղատնտեսությունն արձանագրում է աճի բավական բարձր տեմպ, արդյունաբերությունը բավական բարձր տեմպերով է աճում. արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին։

Այս ամենին զուգընթաց, շարունակվում է անկումը շինարարության ոլորտում, ինչը Տիգրան Սարգսյանը լուրջ խնդիր է որակում:

«Շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ այս պահի դրությամբ կրկնակի նվազել է», - արձանագրեց վարչապետը՝ միաժամանակ փաստելով․ - «Մյուս կողմից տեղի է ունեցել տնտեսության դիվերսիֆիկացում, ինչը տնտեսական աճի տեսակետից նվազեցնում է տատանումների ռիսկերը։ Այսինքն` այնպիսի աննախադեպ անկում, որ մենք ունեցանք 2009-ին, այլեւս մեզ չի սպառնում, որովհետեւ որեւիցե ճյուղի զգալի անկումը չի կարող բերել 14 տոկոսանոց անկման»։

Վարչապետն անդրադարձավ նաեւ Heritage Foundation կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցին, որտեղ ներկայացված է Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը:

«Մեր ցուցանիշներն ընդհանուր առմամբ բարելավվում են. 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը։ Դա բավական լավ ցուցանիշ է», - նշեց Տիգրան Սարգսյանը։

News.am-ի տնտեսական վերլուծաբան Սամվել Ավագյանի կարծիքով․ - «Գործարար միջավայրի բարելավում Հայաստանում կա։ Կա վարչական լծակների ճնշող դիրքի որոշ թուլացում, որը կարող է նաեւ գնահատվել որպես տնտեսական ազատությունների ընդլայնում»։

Տնտեսական վերլուծաբանը, հետեւելով Heritage Foundation-ի ամենամյա զեկույցներին, նկատել է, որ երբ այդ կազմակերպությունը 1990-ականներին սկսել է ներառել Հայաստանը իր վարկանիշային աղյուսակում, այդ ժամանակ Հայաստանը եղել է ավելի բարձր դիրքում:

Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշներին՝ Սամվել Ավագյանի գնահատմամբ․ - «Ամսական կտրվածքով խիստ տատանումները սովորական երեւույթ են։ Այսինքն՝ օգոստոսին կարող է իրոք գրանցվի 9.6 տոկոս տնտեսական ակտիվություն, բայց դա չի նշանակում, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին նույն բարձր տեմպը պահպանվելու է»։

Տնտեսական վերլուծաբանը նկատում նաեւ է հետեւյալը․ - «Ավելի երկարատեւ ժամանակահատվածներով համադրությունները ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք միջին աճ ունեցող երկրների շարքում։ Դա մոտավորապես 4.5-5 տոկոսի շրջանակներում, որը շատ բարձր չէ, բայց նաեւ ցածր չէ եւ համահունչ է համաշխարհային տնտեսական զարգացումներին»։

Կառավարությունում այսօր խոսելով միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանին տրված գնահատականներից՝ վարչապետն ակնարկեց հետեւյալը․ - «Արդեն մեր ընդդիմախոսները պետք է բանավիճեն ոչ թե կառավարության հետ, այլ այդ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք այդ գնահատականները եւ ռեյտինգները հրապարակում են»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG