Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 22-ի մամուլ


«Երկիր» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Անկախություն կերտած սերունդը փոխարինողներին հանձնում է մի երկիր, որտեղ հայրենասեր հայ լինելը գոյության գրավական ու երաշխիք է: Ու մենք ձեռք ենք բերում մի նոր սերունդ, որն ունի ազգային պատկանելության խոր գիտակցում, բայց չունի պետական, քաղաքացիական մտածողություն, տիրոջ հոգեբանություն: Մեզ սովորեցրել ու սովորեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունում հայ լինելն ավելի մեծ արժեք է, քան քաղաքացի լինելը: Դրա համար էլ մենք մեծավ մասամբ լավ կամ վատ հայ ենք, հայաստանցի ենք, բայց` վատ քաղաքացի, որ մի կողմից չգիտի իր իրավունքները եւ ջանք չի գործադրում դրանք պաշտպանելու համար, իսկ մյուս կողմից՝ չի ուզում ճանաչել իր պարտականությունները եւ դրանցից խուսափել կարողանալը ճարպկություն է համարում: Անկախության հաջորդ տասնամյակի գերխնդիրը այս մտայնության փոփոխությունն է»:

Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ»-ին, որտեղ, մասնավորապես, ասում է. - «Այսօր Հայաստանում տեղի է ունենում ոչ թե գաղափարական պայքար տարբեր դիրքորոշումներ ունեցող ուժերի միջեւ, այլ ընթանում է քաղաքակրթական բախում: Ձեւավորված քաղաքակրթական բեւեռներում գտնվող ուժերի բախման էությունը ոչ թե նեղ կուսակցական գաղափարական շրջանակն է, այլ բնույթով աշխարհայացքային եւ էապես տարբեր արժեքային համակարգերի ստեղծման ձգտումը: Մի բեւեռում գտնվող իշխանական կոալիցիան եւ նրան սպասարկող գաճաճ կառույցները ձգտում են Հայաստանում ամրապնդել ասիական ոճի բռնապետություն, որի դրսեւորումները` մտքի եւ խոսքի ազատության ճնշում, պալատական ինտրիգներ, լայնածավալ կոռուպցիա, գավառամտություն, ոչ հեռու անցյալում` զանգվածային ձերբակալություններ եւ պատվիրված դատավարություններ եւ այլն, դարձել են առօրյա երեւույթ: Նպատակը միակն է` անկախ պետությունում ապրող քաղաքացուն վերածել հպատակի` իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Հայաստանում ստեղծվել է նապադեպը չունեցող քաղաքական պայքարի նոր համակարգ. քաղաքակրթական տարբերությամբ է բացատրվում առաջին հայացքից պարադոքսալ թվացող այն երեւույթը, որ թե' իշխանական, թե' ընդդիմադիր բեւեռներում տեղ են գտել տարբեր, որոշ դեպքերում` տրամագծորեն հակառակ գաղափարախոսություններ ունեցող ուժեր: Իսկ այս բեւեռներից դուրս գտնվող բեւեռները արագ մարգինալացվում են, հօդս են ցնդում նաեւ տարբեր համարներով ուժերի ստեղծման ցնորքները»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը երեկվա զորահանդեսի մասին գրում է. - «Եթե համեմատելու լինենք Բաքվի եւ Երեւանի շքերթները, ակնհայտ է դառնում, որ դրանք միանգամայն տարբեր «մեսիջներ» ունեին: Ադրբեջանցիները փորձում էին ցույց տալ, որ իրենք հսկայական գումարներ ունեն եւ ինչ զենք ասես` կարող են գնել, իսկ մերոնք ցույց տվեցին, որ թեեւ շատ փող չունեն, բայց դրա փոխարեն բազմաթիվ զինատեսակներ տեղում են արտադրվում, իսկ եթե պետք լինի, կարող են նաեւ Բաքվին հարվածել: Այս առումով, կարծում ենք, պատասխանը համարժեք էր, եւ շքերթը ծառայեց իր նպատակին: Համենայն դեպս` ռազմական փորձագետները համոզվեցին, որ ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում «կայծակնային» պատերազմ հնարավոր չէ, եւ ռազմական գործողությունները տեւական ու ծանր են լինելու: Մանավանդ որ ե'ւ մերոնք, ե'ւ ադրբեջանցիները հաստատ ցուցադրել են միայն այն, ինչ անհրաժեշտ են համարել ցուցադրել: Հո ամեն ինչ չէի՞ն ցուցադրելու»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Այսօր թերթերը հետապնդվում են հայտնի օրենքի հիման վրա: Հնարավո՞ր է` առաջիկայում վերանայվի այդ օրենքը»: Պատասխան. - «Ինձ ճի'շտ հասկացեք: Հաճախ մտածում են, թե Հարությունյանը խուսափում է որեւէ հարցի պատասխանել: Ես, օրինակ, չեմ բացառում, որ այդ օրենքը կարող է դառնալ սահմանադրական վերահսկողության առարկա, եւ օրենքն ինձ արգելում է կարծիք ասել որեւէ հարցի վերաբերյալ, որը հետագայում դատարանում քննարկվելու է: Հիմա ես չեմ կարող ասել` վատն է, թե լավն է, որքանով է համապատասխան, որքանով չէ համապատասխան: Բայց կարող եմ ասել հետեւյալը. այդ խոսակցությունները ինձ էլ են հասել, ոչ միայն խոսակցություններ, այլեւ մտահոգություններ: Բայց իմ կարծիքն ընդհանրապես հետեւյալն է. մենք երբեք առանց ազատ մամուլի եւ լիարժեք ազատ մամուլի անկախ պետականություն չենք կարող կայացնել, որովհետեւ ազատ մամուլը ժողովրդավարության 5 կարեւոր չափանիշներից մեկն է: Մենք շատ հաճախ դա մոռանում ենք, վիրավորվում ենք… Եթե այդ ազատությունն էլ չլիներ, Աստված մի արասցե, հիմա եսիմ ուր էինք գլորվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG