Մատչելիության հղումներ

Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը Հայաստանի քաղաքացիներին լավատեսություն է մաղթում։

Ընդդիմադիր գործիչը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այսօր ասաց, որ ոգեւորված է Անկախության 20-ամյա տարեդարձով՝ փաստելով․ - «Պատմական առումով, մեծ առումով, առաքելության առումով մեր ազգը լուրջ հաջողություններ արձանագրել է՝ հարյուրավոր տարիների երազ է կատարվել եւ այդ առումով իսկապես ուրախ եմ, հպարտ եմ, որ այս երկրի քաղաքացին եմ, դեռ գործում եմ, դեռ անելիք ունեմ իմ ընկերների, Հայաստանի բոլոր ազնիվ, արժանապատիվ քաղաքացիների հետ»։

«Ոգեւորություն կա, շատ հաճելի հուշեր կան, բայց վերջին հաշվով՝ այս իրականության մեջ ես ապրում, քայլում ես այսօրվա փողոցներով, հարեւաններիդ, բարեկամներիդ հետ ես շփվում, որոնք շատ ճնշված են, ողնաշարներն ուղիղ չէ, ժպիտները պարզ չէ, վիճակը՝ վիճակ չէ», - այդուհանդերձ՝ փաստեց Արամ Մանուկյանը․ - «Հնարավոր չէ՝ տարեկան 100 հազար մարդ գնա ու այդ ժողովուրդը տոն ապրի․․․ բանակում ով երեխա ունի ռիսկի մեջ է, ով ինստիտուտում երեխա ունի՝ վախենում է, որովհետեւ կաշառքը պիտի տա, առողջապահության համակարգում այլանդակություն է տիրում։ Տեղ չկա, որ դրականը, լավը, լավատեսականը առաջ մղի քեզ։ Կոռուպցիայից այն կողմ, զոռբայությունից այն կողմ, ոստիկանական բռնապետությունից այն կողմ, ճնշումներից այն կողմ բան չես տեսնում։ Եվ այդ առումով ինչո՞ւ պիտի հասարակությունը ուրախ լինի»։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով 20 տարի առաջ Հայաստանում անցկացված անկախության հանրաքվեն, որի մասնակիցների մոտ 95 տոկոսը «այո» էր ասել երկրի անկախությանը, Արամ Մանուկյանը հիշեց՝ ժողովուրդը քվեարկության գնում էր «ոգեւորված, տրամադրված, քեֆ-ուրախությամբ, երաժշտությամբ, զուռնա-դհոլով»։ - «Դա մի աստվածային, հումանիստական, համազգային ոգեւորություն էր, դա պիկ էր», - գնահատեց ՀՀՇ-ի ղեկավարը։

Հարցին, թե ի՞նչ է փոխվել այժմ՝ 20 տարի անց, Արամ Մանուկյանը արձագանքեց․ - «Այդ բնակչության մեծ մասը արդեն Հայաստանում չէ։ Նրանց մեծ մասը տարիներ հետո հիասթափություն ապրեց, որովհետեւ տեսավ, որ իր ղեկավարը անձնական օրինակով այն չէ, ինչ ինքը կուզեր լիներ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի նման պրեզիդենտը 5-6 միլիարդ հավաքեց իր իշխանության տարիներին, քաղաքացին հիասթափվեց։ Պատերազմող երկիրը, այս տառապող երկիրը, շրջափակման մեջ գտնվող երկիրը, դեռ երկրաշարժի բեռը ուսին գտնվող երկիրը՝ քո ղեկավարը միլիարդներ է հավաքում․․․ Խեղճ քաղաքացին ի՞նչ անի՝ հիասթափվում է, իսկ եթե փող ունի՝ թողնում է Հայաստանը, լքում է։ Մեր ամենամեծ կորուստը մարդու հավատի կորուստն է»։

Արամ Մանուկյանը համարում է, որ՝ «սա չէր մեր ուզած, երազած անկախությունը»։

«Քաղաքացին էս չէր ուզում, դրա համար քաղաքացին օտար ափերում է տեսնում իր ապահովությունը։ Եվ ես կարծում եմ, որ մեր անկախությունը կկայանա այն ժամանակ, երբ որ քաղաքացին ետ վերադառնա։ Առանց քաղաքացի անկախություն չկա, առանց հայրենիքում աշխատող մարդու անկախությունը քամի է, փուչ է, երազ է», - հայտարարեց ՀՀՇ-ի վարչության նախագահը՝ հավելելով․ - «Այդ առումով ես ուզում եմ ուղերձով, կոչով, խնդրանքով դիմել մեր քաղաքացիներին՝ մի լքեք Հայաստանը, դիմացեք մի փոքր։ Գիտեմ ձեր վիճակը, բոլորս զգում ենք այդ վիճակը, ապրում ենք տհաճ պահերը, բայց մի լքեք։ Լքելով ուժեղացնում եք բոլոր նրանց, ովքեր այդ խնդիրն իրենց առաջ դրել են՝ որ դուք Հայաստանում չապրեք»։

Վերջում Արամ Մանուկյանը եզրափակեց․ - «Անկախությունը արժեք է, անկախությունը պահպանել է պետք, դա միայն մերը չէ՝ եկող սերնդինն է։ Շնորհավոր անկախության վեհ, սիրուն, աստվածային տոնը»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG