Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Մենք պետք է վերանվաճենք մեր անկախությունը»


Անկախության տոնի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսն այսօր կազմակերպել էր ընդունելություն, որին հրավիրված էին Կոնգրեսի անդամ կուսակցությունների, քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, համակիրներ:

«Չեմ սիրում հանդիսավոր արարողություններ, մանավանդ` այսպիսի լսարանի առջեւ: Որովհետեւ դուք այն մարդիկ չեք, որոնց պետք է բացատրել անկախության կարեւորությունը, արժեքը, նշանակությունը: Որովհետեւ դուք այս ամենը իմացել եք անկախությունից առաջ եւ դուք եք կերտել անկախությունը», - ողջունելով հրավիրվածներին` ասաց ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Եթե պետք է ինչ-որ մարդկանց բացատրել այս ամենը, այդ մարդիկ այստեղ չեն, գտնվում են ուրիշ տեղ¸ առավոտյան գտնվում էին Կենտրոնական հրապարակում: Մարդիկ, որոնք ոչ միայն ոչ մի կապ չեն ունեցել անկախության ձեռք բերման հետ, այլեւ նրանից շատ-շատերը ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ: Եվ այսօր բեմերից, հեռուստատեսություններից այնպիսի ճառեր են ասում, կարծես իրենք են կերտել անկախությունը: Սրանով մեկ անգամ եւս նրանք պարզապես պղծում են այդ սուրբ գաղափարը»:

«Դուք բախտավոր սերունդ եք, որովհետեւ պատմության մեջ շատ քիչ սերունդների է հաջողվում վերականգնել պետականությունը եւ անկախություն ձեռք բերել», - ասաց Հայաստանի առաջին նախագահը: - «Անկախությունը հաջողվել է վերականգնել է 9-րդ դարում Բագրատունիներին, 12 -րդ դարում` Ռուբինյաններին: 1918 թվականին հաջողվել է վերականգնել Արարատյան Հայաստանի ժողովրդին: Եվ 4-րդը դուք եք, մենք ենք: Եվ 1000 տարի հետո պիտի ասեն` 4-րդ անգամ Հայաստանի անկախությունը վերականգնվեց այս սերնդի կողմից»:

«Դժբախտաբար, անկախության վերականգնումից 20 տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առջեւ», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը: Որովհետեւ այն մարդիկ¸ որոնք այսօր ղեկավարում են Հայաստանը, հոգու խորքում իրենց անկախ չեն զգում, այսօր էլ նրանք իրենց համարում են օտարների ճորտ: Եվ մինչեւ այդ իշխանություններից Հայաստանը չազատվի, մենք լիարժեք անկախություն չենք ունենա: Ուրեմն ձեզ բախտ է վիճակվելու կրկին վերանվաճել մեր անկախությունը»:
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG