Մատչելիության հղումներ

Զորահանդեսին ռուսական դրոշի դեմ բողոքող անձինք ազատ են արձակվել


Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալը Լեւոն Բարսեղյանին ուղեկցում է դեպի ոստիկանական մեքենա, 21 սեպտեմբեր, 2011

Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալը Լեւոն Բարսեղյանին ուղեկցում է դեպի ոստիկանական մեքենա, 21 սեպտեմբեր, 2011

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված խմբի անդամները, ովքեր դեմ էին ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցությանը Անկախության տոնին նվիրված զորահանդեսին, չորեքշաբթի առավոտյան մտադիր էին բողոքի քայլերթ կազմակերպել դեպի Հանրապետության հրապարակ:

Ակցիայի մոտ մեկ տասնյակ մասնակիցները վաղ առավոտյան հավաքվել էին Սարյանի պուրակում: Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալը քայլերթի նախաձեռնողներից Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց, թե որն է հավաքվելու նպատակը:

«Մենք ուզում ենք բողոքել ռուսական դրոշների դեմ», - ասաց Բարսեղյանը:

Ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրեց, որ ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալու մուտք գործել Հանրապետության հրապարակ: Քիչ անց ոստիկանները լրագրողների ներկայությամբ ակտիվիստներից խլեցին պաստառները, որոնց վրա գրված էին` «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ» եւ «Ո՛չ օտար դրոշներին» կարգախոսները: Լեւոն Բարսեղյանը եւ ակցիայի մյուս մասնակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին, որ անկախության տոնին նվիրված զորահանդեսին օտար դրոշները անհամատեղելի են:

Երբ ակտիվիստները պարզեցին Հայաստանի դրոշը եւ կարգախոսները վանկարկելով սկսեցին քայլերթը, իրավապահները Լեւոն Բարսեղյանին եւ Առնո Կուռ անունով ներկայացած մի ակտիվիստի նստեցրին ավտոմեքենան եւ տարան ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Տեղի ունեցածի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում տեղադրվեց ոստիկանության պաշտոնական կայքէջում, որում ասված է, թե «ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով, եւ որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են»:

Մինչդեռ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ իրենց բերման էին ենթարկել, եւ փոխանցեց, որ ոստիկանությունում պահանջել է արձանագրություն կազմել բերման ենթարկելու մասին, ինչը իրավապահները հրաժարվել են անել։

Ինչ վերաբերում է ռուսական զորախմբի մասնակցությանը այսօրվա զորահանդեսին, նշենք, որ ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները առջեւից տանում էին Ռուսաստանի դրոշը, իսկ պաշտպանության նախարարը ռուս զինվորականներին ողջունեց ռուսերենով:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG