Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 21-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Թեմաներ կան, որոնց մասին խոսելը, գրելը, արտահայտվելը չափազանց բարդ է: Նորմալ մարդիկ ուղղակի կարկամում են, պապանձվում, երբ հայրենիքի հանդեպ սիրո, անկախության նկատմամբ վերաբերմունքի, պետության վերաբերյալ պատկերացումների մասին է խոսքը գնում: Դե, ինչպե՞ս ասես, որ անկախությունը բոլոր նորմալ, առողջ մարդկանց բնականոն վիճակն է, եւ անկախությանը դեմ լինելը նույնն է, որ կյանքին դեմ լինես: Կամ՝ ինչպե՞ս բացատրես, որ հայրենիքի հանդեպ սերը մարդն իր մայրական կաթի հետ է ստանում, եւ այդ սիրո մասին խոսել՝ նշանակում է կասկածի տակ դնել ծնունդդ էլ, այս աշխարհում ապրելու իրավունքդ էլ»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. – «Շատ քաղաքացիների նման` ես կցանկանայի, որ անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթի ամբիոնին միաժամանակ կանգնած լինեին Հայաստանի երեք նախագահները` մարդիկ, որոնք մեր պատմության դժվարին տարիներին եղել են մեր զինված ուժերի գլխավոր հրամանատարները: Ինչպես հայտնի է, այդ ցանկությունն ունեցող քաղաքացիների շարքում է նաեւ Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց` չստացվեց: Առաջին նախագահը մերժեց հրավերը` իր ներկայացուցիչների միջոցով բերելով «ավազակապետական ռեժիմի» մասին հայտնի պատճառաբանությունը: Իսկ երկրորդ նախագահ ոչ մի «մեսիջ» չուղարկեց` չնայած տոնակատարությունների ժամանակ Հայաստանում ներկա չլինելը ինքնին «մեսիջ» է: Ինչպե՞ս կընկալվեր առաջին եւ երկրորդ նախագահների որոշումը` մասնակցել տոնական միջոցառումներին: Բնականաբար, տարբեր ձեւով: Գուցե թունդ ընդդիմադիրները դրանից հիասթափվեին: Գուցե չարախոսներն ու բամբասողներն ուրախանային` «բա որ ասում էինք, որ նրանց միջեւ ախպերություն կա»: Բայց պետական ավանդույթները ստեղծվում են ոչ թե այսօրվա հասարակական ընկալումների համար, այլ հակառակը` որպեսզի մարդիկ դուրս գան ներկայիս թայֆայական-կենցաղային կարծրատիպերից»:

«Երկիր»-ը գրում է. - «Երբ փորձում ենք վերլուծել մեր անկախության անցած ճանապարհը, ակնհայտ է դառնում, որ լուսավոր կետերը թողել ենք հեռավոր 90-ականներին եւ առ այսօր կառչած ենք մնում դրանց` ինչպես կենարար օդից ու ջրից: Փոխարենը՝ նշանակալի ձեռքբերումներ այնքան քիչ ենք ունեցել, որ անգամ դժվար է հիշել: Ավելի շատ աչքի առաջ են գալիս ունեցած ձախողումները, բացթողումները, վրիպումները: Եվ մնում է՝ ընդամենը մեկ եզրակացություն կատարել. մենք ճիշտ չգնահատեցինք պատմականորեն մեզ տրված պահն ու հնարավորությունը, որն ինքներս էինք ստեղծել եւ մեր անփոխարինելի երկու նվաճումները` անկախության եւ երկու պետությունները չկարողացանք ամրապնդել` տնտեսական, քաղաքական, բարոյական, մշակութային անհրաժեշտ բազա ստեղծելով: Մենք հավատացինք ձեռքբերվածի ամբողջականությանն ու ինքնաբավությանը, ու դա ինքնախաբեություն էր»:

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «Ստեղծելով համապատասխան օրենսդրական դաշտ` պետական պարգեւների համակարգը Հայաստանում ներդրվեց անկախության հռչակումից հետո: Ի տարբերություն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ով խնդրի կարեւորությունը գիտակցելով` շատ զուսպ էր պետական շքանշանների ու մեդալների պարգեւատրման հարցում, Ռոբերտ Քոչարյանը արժեզրկեց այդ համակարգը, իսկ Սերժ Սարգսյանը փոշիացրեց այդ արարողակարգի թե' իմաստը, թե' համն ու հոտը: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1993-ին հայկական ու համաշխարհային երաժշտության ու մշակույթի բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների, ազգային օպերայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար երգչուհի Գոհար Գասպարյանին պարգեւատրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Այնինչ Սերժ Սարգսյանը 2009 թվականին ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովային պարգեւատրեց նույն շքանշանով` մեկնաբանելով, թե Ալլան հայ-ռուսական մշակութային համագործակցությանը, զարգացմանը նպաստող գործունեություն է տարածել»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ, ով ասում է. - «Եթե ունենայինք ազգային էլիտա, ապա շատ սխալներ ուղղակի չէին լինի: Անկախ Հայաստանի կերտման առաջին չորս տարիներին մեր երկիրը, իրոք, զարգանում էր ժողովրդավարության ճանապարհով եւ պառլամենտարիզմի շշմեցուցիչ դրսեւորումներ ունեցավ: Սա այն շրջանն էր, երբ, չնայած քայքայված տնտեսությանը, ազգային ոգին Արցախում հաղթանակ էր կերտում: Չորս տարի հետո եղավ այն, ինչը չէր կարող լինել ազգային իշխանության օրոք, բայց հնարավոր ու բնական է սովետական, ավտորիտար իշխանության պարագայում: Ազատամարտն ավարտվեց եւ հաջորդած ընտրությունները ուղղակիորեն կեղծվեցին: «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսով ժողովրդավարությունը պարզապես խեղդվեց»:
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG