Մատչելիության հղումներ

Գագիկ Մելիքյան. «Կգա ժամանակը, որ վերադարձողները ավելի շատ կլինեն»


ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում: 21-ը սեպտեմբերի, 2011թ.
ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում: 21-ը սեպտեմբերի, 2011թ.
Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում շեշտեց, որ «Անկախության տոնը բոլորինս է` անկախ սոցիալական վիճակից, անկախ դժվարություններից»:

Հակադարձելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե այսօր «իշխանությունները մեզ հրամցնում են մի հայրենիք, որտեղ շարունակում է գոյություն ունենալ աղքատությունը, սոցիալական անապահովությունը, քրեական տարրերի սանձարձակութունը»` Մելիքյանը ասաց. - «Ես, իհարկե, չեմ կիսում այդ մոտեցումները: Ես ընդամենը հետեւյալը կասեմ. այսօր աշխարհում չկա մի երկիր, որ իր սեփական դժվարությունները եւ խնդիրները չունենա: Այդ ամենով հանդերձ` ամեն ինչ արվում է առաջընթացի համար: Մի՞թե դուք չեք զգում, թե ինչ մեծ տարբերություն կա վերջին հատկապես 5 տարիների ընթացքում…»:

Դիտարկմանը, թե, այդուամենայնիվ, քաղաքացիները արտագաղթում են երկրից, պատգամավորը արձագանքեց. - «Մենք ունենք իրոք այդ պրոբլեմը: Մեկի մոտ դա գործազրկության խնդիրն է, մեկի մոտ սոցիալական դժվարությունները հաղթահարելու նկատմամբ հավատի կորուստ է: Բայց միեւնույն է` դրանք ժամանակավոր են»:

«Թերեւս գնացողները այս պահին ավելի շատ են», - շարունակեց նա: - «Բայց կգա ժամանակը, որ վերադարձողները ավելի շատ կլինեն»:

Անդրադառնալով Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինվորների մասնակցությանը Անկախության 20-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում անցկացված շքերթին` Մելիքյանը ասաց, որ «դրական է վերաբերվում» այդ փաստին. - «Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք պայմանագիր փոխադարձ անվտանգության ապահովման, եւ այժմ [Ռուսաստանը] պատասխանատու է եւ ապահովում է Հայաստանի ամբողջ պետական սահմանի անվտանգությունը: Դա ընդամենը Հայաստանում եւ Հայաստանի հզորության ցուցադրումն է: Եթե ինչ-որ հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր մամուլ կամ ընդդիմադիր քաղաքական որոշ գործիչներ բացասական վերաբերմունք են արտահայտում, կարծում եմ, որ որոշակի երկրների` այդ թվում եւ մեզ թշնամաբար տրամադրված երկրների ցանկության արտահայտություն է դա: Դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարում»:

Այսօր փորձ է արվել ռուսաստանյան զինվորականների մասնակցության դեմ բողոքի ցույց կազմակերպել, եւ նախաձեռնողներից Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Գալստյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Հարցին, թե արդյոք համաչափ է գնահատում ոստիկանների գործողությունները, իշխող կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց. - «Ես կարծում, որ յուրաքանչյուր ոք ունի իր խոսքը ազատ հնչեցնելու եւ բողոքի ձայնը արտահայտելու իրավունք, բայց չեմ կարծում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր չափը անցկացնելու: Ես ոչ միայն համաչափ եմ գնահատում, այլ կարծում եմ, որ ոստիկանության գործողությունները մի քիչ ուշացած են»:
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG