Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է անկախության 20-ամյակը


Այսօր Հայաստանը նշում է իր անկախության հռչակման 20-րդ տարեդարձը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:

Տոնի կապակցությամբ երկրում բազմաթիվ հանդիսություններ են նախատեսված:

Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու զորահանդես:

Հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի Հանրապետական մաղթանք` Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով:

Նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնին նախորդող օրերին ընդունելություններ կազմակերպեց երկրի ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ, ունեցավ ծավալուն ելույթներ` տալով անկախության երկու տասնամյակների գնահատականները, ուրվագծելով երկրի հետագա զարգացման ուղենիշները:

Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են ստացվում պետությունների ղեկավարներից, միջազգային կառույցներից:

Հայաստանի նախագահին ուղերձներ են հղել, մասնավորապես, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդը, Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը, Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդը, Շվեյցարիայի նախագահ Միշլին Կալմի-Ռեյը, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը, Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը, Իռլանդիայի նախագահ Մերի Մըքէլիսը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սինգապուրի նախագահ Թոնի Թանը, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ տիկին Քվենթին Բրայսը, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնը:

Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներով են հանդես գալիս Հայաստանի կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG