Մատչելիության հղումներ

Կայացավ Մատենադարանի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողությունը


Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը

Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը

Երեքշաբթի տեղի ունեցավ Մատենադարանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը, որին մասնակցում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Ուշագրավ է, որ օծման արարողությունը միաժամանակ իրականացրեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Մատենադարանի նոր գիտական մասնաշենքը կառուցվել է անցած 2.5 տարիների ընթացքում, որի վրա ծախսվել էր շուրջ 14 միլիոն դոլար: Այդ գումարից 10 միլիոնը տրամադրել է բարերար Սերգեյ Համբարձումյանը, իսկ 4 միլիոնը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ նորակառույց գիտական համալիրում պահվելու են Մատենադարանի բոլոր պահոցները` ձեռագրատան պահոցները, արխիվային փաստաթղթերը, հնատիպ գրքերի հավաքածուները:
Դրանք արդեն տեղափոխվել են նոր մասնաշենք, որտեղ գործում են պահպանության ամենարդիական համակարգերը: Ի դեպ, գիտական համալիրում էլեկտրոնային տարբերակով կարելի է ծանոթանալ եւ թերթել Մատենադարանի լավագույն ձեռագրերը, յուրաքանչյուր ոք կարող է օգտվել նաեւ նոր մասնաշենքում գործող ընթերցասրահներից: Մոտ ապագայում կբացվի նոր կրթական կենտրոն, որը նպաստելու է հայագիտության զարգացմանը եւ երիտասարդ հայագետների պատրաստմանը:

«Նորանկախ հանրապետության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում Մատենադարանի նոր մասնաշենքի բացումը կարեւորագույն միջոցառումներից մեկն է: Այն հսկայական հնարավորություններ է բացում Մատենադարանի գիտական գործառույթների միջազգայնացման եւ միջազգային կապերի ծավալման համար: Իր ներքին կառուցվածքով, արդիական տեխնոլոգիաներով այդ հնարավորությունները բազմապատկվում են: Մնում է զարգացնել գիտական ներուժը, որը հաջողությամբ արվում է. Մատենադարանում ընթանում է բնականոն սերնդափոխություն, եւ կարող եմ ասել, որ գիտական ներուժը կրկնապատկվել է: Դրա ապացույցն է այսօր մեկնարկող միջազգային խոշոր գիտաժողովը` նվիրված Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին», - ասաց Թամրազյանը:

Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվելու է թանգարանային համալիրի` հնարավորություն ստանալով ավելի շատ ցուցադրություններ իրականացնել:

«Այնտեղ ցուցադրվելու են ձեռագրեր, ցուցադրվելու են մեր բոլոր ֆոնդերը, դինամիկ համակարգ է ստեղծվելու, ստատիկ պահոցի փոխարեն այնտեղ լինելու է մոտ 10 փոխկապակցված ցուցասրահների շարք: Այսինքն դա լինելու է աշխարհի ամենաունիկալ թանգարաններից մեկը», - համոզմունք հայտնեց Մատենադարանի տնօրենը:

Մատենդարանի գիտական համալիրի բացման արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, շնորհակալություն հայտնելով բարերարներին, նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Մատենադարանը որեւէ չափանիշով չզիջի աշխարհի լավագույն միջնադարյան գիտական եւ ձեռագրագիտական կենտրոններին: Խոսքն ուղղելով բարերար Սերգեյ Համբարձումյանին` Սերժ Սարգսյանը ասաց. - «Երանի այն հային, ով Մատենադարան է կառուցել»:

Շնորհակալություն հայտնելով գիտական նոր համալիրի ճարտարապետին` Արթուր Մեսչյանին, նախագահն ասաց, որ այս կառույցով նա դարձավ 20-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն ներկայացուցիչ Մարկ Գրիգորյանի արժանի ժառանգորդն ու յուրատեսակ գործընկերը` շարունակելով նրա ստեղծած գործը եւ հավատարիմ մնալով նրա ստեղծած շենքի ոգուն ու տրամաբանությանը:

«Պարո՛ն Մեսչյան, կարծում եմ, որ այս կառույցով, Ձեր աշխատանքով ու ընդհանրապես Ձեր գործունեությամբ Դուք ապացուցեցիք, որ Հայկը երբեք չի պարտվի ոսոխ Բելին: Չնայած Ձեր երգում Դուք հակառակ բառերն եք հնչեցնում», - ասաց Սերժ Սարգսյանը:

Ճարտարապետ Արթուր Մեսչյանը նախագահի կողմից պարգեւատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` արվեստի եւ մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար, բարերար Սերգեյ Համբարձումյանը` Պատվո շքանշանով, իսկ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար Երկրորդ աստիճանի մեդալով:

Ի դեպ, Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանով պարգեւատրվեց նաեւ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, թեեւ Կարապետյանը Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման հետ կապ չունի, բայց ինքը նպատակահարմար գտավ, որ հենց այս շենքում, հենց այս պահին հանձնի այդ պարգեւը, որովհետեւ Սամվել Կարապետյանը հսկայական գործ է կատարում եւ բարեգործություն անում: Ըստ նախագահի` միայն վերջին երեք տարվա ընթացքում Սամվել Կարապետյանը տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործություն է կատարել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG