Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի ընտանիքը դժգոհ է դատախազից


«Ակոսի» սպանված խմբագրապետի ընտանիքի անդամներն ու փաստաբանը ի նշան բողոքի դատախազի ելույթի ժամանակ լքել են դահլիճը։

Երեկ Ստամբուլում` Բեշիկտաշի թաղամասում գտնվող 14-րդ գերագույն քրեական դատարանում, Հրանտ Դինքի սպանության գործով դատական 20-րդ նիստում տեղի է ունեցել միջադեպ, որին անդրադարձել են թուրքական բոլոր լրատվամիջոցները։

Դատախազ Հիքմեթ Ուստան իր ելույթում ասել է, թե «Ակոսի» խմբագրապետի սպանությունն իրականացրած անձինք կապ ունեն «Էրգենեկոն» ընդհատակյա հակապետական կառուցի Տրապիզոն քաղաքում ստեղծած խմբի հետ։

Այս գործով կա 20 կասկածյալ։ Դատախազը նրանցից 7-ի, այդ թվում առանցքային ամբաստանյալներ Յաշին Հայալի եւ Էրհան Թունչելի համար ցմահ ազատազրկում է պահանջում։

«Դինքի սպանությունը այդ հույժ գաղտնի կազմակերպության վերջին ոճիրներից մեկն էր։ Թիրախը Թուրքիայի Հանրապետությունն էր եւ հասարակական կարգը։ Մենք հանգել ենք այն եզրակացության, որ Դինքին սպանել է «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության Տրապիզոնի կառույցը»,- «Զամանի» փոխանցմամբ, ասել է դատախազ Հիքմեթ Ուստան։

Ենթադրվում է, որ Թունչելն ու Հայալն են զենք փոխանցել ոճիրը 2007 թվականի հունվարի 19-ին իրականացրած երիտասարդ ազգայնական, հանցագործության պահին անչափահաս Օգյուն Սամասթին, ով դատապարտվել է 22 տարվա եւ 10-ը ամսվա ազատազրկման։

Թուրքիայում քչերն են կասկածում, որ հայազգի խմբագրապետի սպանությունը «Էրգենեկոնի» դավադրությունն էր։ Այնուամենայնիվ, երեկ դատախազի ելույթի ժամանակ Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանը, ընտանիքի անդամներն ու բարեկամները, ի նշան բողոքի, լքել են դահլիճը։

Բանն այն է, որ, ըստ փաստաբանների, ի հայտ են եկել նոր` շատ կարեւոր փաստեր, որոնք հարկ էր քննել, հետեւաբար դատախազն իրավունք չուներ առաջ ընկնել իր ճառով։

«Ակոսի» հայկական հրատարակման խմբագիր Բագրատ Էստուկյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է բողոքի քայլի դրդապատճառը։


«Մեր փաստաբանները եւ Հրանտի հարազատները բողոքեցին ոչ թե դատախազի խոսքերի, այլ խոսելու դեմ, որովհեւետւ դատախազը եզրակացություն է ներկայացնում, երբ այլեւս չկան քննելու նյութեր»,- ասել է Էստուկյանը։

Նրա փոխանցմամբ, խոսքը հեռախոսազրույցների եւ անվտանգության տեսախցիկների նյութերի հետազոտման մասին է։ Ինչո՞ւ են դատական ատյանները փորձում արագացնել դատավարությունը եւ խափանել նոր փաստերի հետազոտությունը։


«Նրանք նախապես արդեն կազմել են իրենց վճիռը։ Սա ձեւական դատավարություն է։ Նրանք չեն ուզում, որ պարզաբանվեն այս խնդրի բոլոր ծալքերը, որովհետեւ եթե դրանք պարզաբանվեն, այս գործում մաս կունենան նաեւ պետական գործիչներ, ինչը նրանց համար ցանկալի չէ, այնպես որ նրանք կուզեն փակել խնդիրը», - ասել է «Ակոսի» հայկական հրատարակման խմբագիրը։

Ըստ Բագրատ Էստուկյանի, առջեւում ամբաստանյալների վերջին խոսքն է, ինչից հետո դատավորը կհրապարակի վճիռը։

Ենթադրվում է, որ դա տեղի կունենա տարեվերջին կամ 2012-ի սկզբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG