Մատչելիության հղումներ

Անկախության մեծագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ հաջողվեց անկախության գաղափարը դարձնել ժողովրդի սեփականությունը եւ այսօր հանրությունն այնքան խորն է ընկալել այդ գաղափարը, որ դրան որեւէ այլընտրանք չի պատկերացնում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց խորհրդային շրջանի այլախոհ գործիչ, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը։

«Եվ եթե կան մարդիկ, որ խոսում են անկախության դեմ, պարզապես գիտեն, որ բոլոր արժանապատիվ մարդկանց համար անկախությունը բարձրագույն արժեք է՝ փորձում են ցավ պատճառել։ Թե չէ՝ անկախության դեմ որեւէ ողջախոհ մարդ խոսել չի կարող։ Անկախության հասկացությունը լակմուսի թղթի պես է․ ասում ես՝ ինչ կարծիքի ես անկախության մասին․․․ եթե որեւէ բացասական բան է ասում՝ դա հոգեկան հիվանդ է», - կարծիք հայտնեց Պարույր Հայրիկյանը։ - «Այն օրերին սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակ էր՝ նույնիսկ հացի հերթեր էին գոյանում, կարագը տալոնով էր․․․ ո՞ր ապուշն է էսօր [ԽՍՀՄ-ի սոցիալ-տնտեսական ապահովվածությունը] ներկայացնում՝ նրանք, ովքեր ուղղակի առիթ են փնտրում»։

Ինչ վերաբերում է պնդումներին, որ ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանի ազգային անվտանգության հեռանկարները ավելի բարվոք էին, ԱԻՄ ղեկավարը պնդեց՝ «մենք մեր վերջին հարյուրամյակներում ավելի ապահովված չենք եղել, քան այսօր»։

Բազմաթիվ են գնահատականները, որ Հայաստանի բնակչության մի զգալի հատվածի ոչ բարվոք սոցիալական վիճակն ու երկրի տնտեսական զարգացման հեռանկարների բացակայությունը մեծապես արժեզրկել են անկախության գաղափարը։ Պարույր Հայրիկյանն այս գնահատականները չի կիսում։

«Սահմանափակ մտածողության տեր շատ մարդիկ հայ ազգի գերագույն խնդիրն են համարում հայ ժողովրդի մի հատվածի խնդիրը, որը իսկապես կարեւոր է, ինչպես մարդու համար կարեւոր են մարմնի բոլոր մասերը։ Բայց այդ սահմանափակ մարդկանց մտածելակերպով անգամ, «արցախյան հարց» կոչվածի տեսանկյունից, եթե չլիներ Անկախ Հայաստանը, մեր ժողովրդի արցախյան հատվածը զրկված կլիներ աջակցությունից եւ գոյատեւելու հնարավորությունից», - հավելեց նա։

Այդուհանդերձ, Պարույր Հայրիկյանն այսօրվա Հայաստանի ապագային լավատեսորեն չի նայում։

«Ցավոք սրտի, Հայաստանի ապագան շատ հաճախ կախված է իր իշխանավորների՝ ազգային արժեքային համակարգի հետ առնչված լինելուց։ Ոչ, ես այսօր լավատեսորեն նայել չեմ կարող․ ադրբեջանական ազգային ղեկավարությունը, իր չունեցած ազգային արժեքային համակարգով, ի վերջո գնաց այն ուղղագրությանը, որն իրենց ավելի ազգային է թվում՝ ի վերջո թուրքերի հետ ընդհանրական է, իսկ մենք մեր ուղղագրությունը անգամ վերականգնել չուզեցինք, որ մի քանի ամսվա հարց է։ Մենք ուրացանք մեր պատմությունը, մենք ուրացանք ցեղասպանության զոհերի հիշատակը, միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունները չօգտագործեցինք ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատանքներ տանելիս»։

ԱԻՄ ղեկավարն անդրադարձավ նաեւ արտագաղթի խնդրին՝ մատնանշելով Հայաստանում այսօր գոյություն ունեցող «զանգվածային արտագաղթի տրամադրությունները»։

«Երբ ես մի 10 տարի առաջ այդ հարցի մասին մամուլի ասուլիսներ տվեցի, համբակները, փոխանակ ուշադրություն դարձնելու, ասացին՝ Հայրիկյանը խոսելու թեմա չունի, հիմա էլ դա է ընտրել», - պատմեց Հայրիկյանը՝ որպես լուծում առաջարկելով․ - «Ամեն ինչի սկիզբը խոսքն է, բայց խոսքն ասելու համար դու պիտի այդ խոսքն ասելու բարոյական իրավունք ունենաս։ Վրաստանը նույն վիճակում է, եւ Վրաստանի կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ ելույթ է ունենում, դիմում է քաղաքացիներին, որ՝ դժվարությունները մարդու համար են, դիմացեք։ Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ հարցրեց՝ ի՞նչ կարող էի անել, որ չեմ անում։ Ասացի՝ կարող ես խոսել դրա մասին»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG