Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը առաջարկում է սկսել վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները Հայաստանի հետ


Եվրահանձնաժողովը այսօր առաջարկել է սկսել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կարճաժամկետ կեցության վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաեւ անօրինական միգրանտների ռեադմիսիայի (վերադարձի ապահովման) վերաբերյալ համաձայնությունների շուրջ բանակցությունները: Այդ մասին ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության տարածած հաղորդագրությունում:

Ինչպես ընդգծել է Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը, վիզային ռեժիմի դյուրացումը «կբարելավի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը եւ փոխանակումները»: «Վիզային ռեժմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնությունները Արեւելյան գործընկերության շատ շոշափելի արդյունքներն են, եւ ես գիտեմ, թե որքան շատ բան է նշանակում սա այդ երկրների քաղաքացիների համար», - հայտարարել է հանձնակատարը:

Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն` վիզային ռեժիմի դյուրացումը ներառում է վիզա ստանալու համար պահանջվող փաստաթղթային հիմնավորման պարզեցում, վավերականության երկար ժամկետով բազմակի վիզաների տրամադրման հնարավորություն, այցելուների որոշակի կատեգորիաների համար վիզաների տրամադրման վարձավճարների նվազեցում եւ այլ մեխանիզմներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG