Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան է ներկրվել ավելի քան 1100 տոննա «էլիտա» ցորենի սերմնացու


Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից Հայաստան է ներկրվել ավելի քան 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացու:

Այսօր Մասիսում ներկա գտնվելով սերմնացուի վագոնների բեռնաթափմանը` վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղում անձամբ լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմնացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին: Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները վարչապետին հավաստիացրել են, որ անցած տարի ներկրված 950 տոննա ցորենի սերմնացուից ստացվել է 220 հազար տոննա ցորեն` անցած տարվա 183 հազարի դիմաց:

Ստացված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմնացուն կբաժանվի 0.4-3 հա հողատարածք ունեցող շահառուներին, որոնց թիվը հասնում է 9-10 հազարի: Այս տարի նախորդ տարվա համեմատ նվազել է նաեւ մեկ կիլոգրամի համար նախատեսված ներկրման գինը: 2010 թվականին ցորենի սերմնացուն Ռուսաստանից ներկրվել է 1 դոլարին համարժեք գումարով, իսկ այս տարի ներկրված հացահատիկի սերմնացուի գինը կազմել է մոտավորապես 75 ցենտին համարժեք գումար:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը իր հաղորդագրությունում նշում է, որ գյուղնախարարությունը մշակել էր, կառավարությունն էլ հավանության արժանացրել 2010-2014 թվականների սերմնաբուծության ծրագիրը, որի շրջանակներում էլ արդեն երկրորդ տարին է Հայաստան է ներկրվում ցորենի «Էլիտա» սերմնացու, որը բաժանվելու է 7 հա եւ ավելի հողատարածք ունեցող գյուղացիներին:

Ուրբաթ օրը Գյումրիում հրավիրված խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզի ֆերմերներից շատերը իրենց դժգոհությունն էին հայտնել ցորենի էլիտար սերմացուի բաշխման պայմաններից: Գյուղատնտեսության փոխնախարարը, սակայն, վստահեցրել էր, որ ամեն ինչ արվում է ըստ սահմանված կարգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG