Մատչելիության հղումներ

Կայացավ 3-րդ «ՌեԱնիմանիա»-ն, չնայած առկա ֆինանսական դժվարություններին


«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի 3-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կայացավ Սիրահարների այգում:

Մինչ կազմակերպիչներն ու մասնակիցները ամփոփում էին փառատոնի արդյունքները, դիջեյ Վակցինան ապահովում էր միջոցառման երաժշտական մասը: «ՌեԱնիմանիա» փառատոնի նախագահ Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնից մեծ ակնկալիքներ ունեին եւ հիմա` ավարտին, կարող է փաստել, որ դրանցից շատերը իրականացել են:

«Չնայած շատ հովանավորներ չեղան այս տարի, բայց գտնվեցին աջակիցներ եւ կամավորներ», - ասաց Քասունին` շեշտելով, որ առանց կամավորների նվիրված աշխատանքի փառատոնը դժվար թե կայանար:

«ՌեԱնիմանիա» փառատոնը նոր կապեր եւ ծանոթություններ հաստատելու վայր է», - ասաց փառատոնի նախագահը:

Քասունու խոսքով` արտասահմանցի հյուրերը տպավորված էին հայ նկարիչների աշխատանքով եւ հնարավոր է, որ ապագայում անիմացիոն ֆիլներ ստեղծվեն նրանց կտավների ֆոներով:

Փառատոնի 6 օրերի ընթացքում կինոթատրոններում բացի պրեմիերաներից` մյուս ֆիլմերի մուտքը եղել է անվճար:

Վրեժ Քասունին տեղեկատվական տեխնոլոգիաներից հետո հաջորդ խոշոր բիզնեսը անիմացիան է համարում:

«Սա թեեւ Հայաստանին չի վերաբերվում, քանի որ Հայաստանում անիմացիոն շուկան զարգացած չէ, սակայն միջազգային մեծ ընկերությունները կարող են մեծ պատվերներ տալ մեզ», - ասաց նա:

Լիամետրաժ ֆիլների ժյուրիի անդամ, կինոգետ Զավեն Բոյաջյանը այսպես գնահատեց փառատոնը. - «Հետաքրքիր եւ բազմազան ծրագիր էր հավաքված, ընդգրկվել էին աշխարհի տարբեր երկրների վերջին տարիներին նկարահանված լավագույն անիմացիոն ֆիլները»:

Վերջում ամփոփվեց փառատոնի «Տաղանդների որս» ծրագիրը: Ամփոփվեցին եւ մրցանակներ հանձնեցին նաեւ լավագույն լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային եւ ավարտական ֆիլմերին:

XS
SM
MD
LG