Մատչելիության հղումներ

ԼՂ հարցում «մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցմանը»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

«Կարգավորման ճանապարհին մենք ունեցել ենք թե' հաջողություններ եւ թե' բացթողումներ: Եղել են պահեր, երբ համաձայնության կայացումը բավականին մոտ է թվացել, սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է ամենաբարձր մակարդակով արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից», - ասաց արտգործնախարարը: - «Եթե փաստերը խեղաթյուրելով` նրանք ակնկալում են, որ շարունակաբար կարող են մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միջազգային հանրության հետ ուղղակի անհնար է դառնում»:

Արտգործնախարարը նշեց, որ բանակցություններն այժմ ընթանում են 2007 թվականին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան առաջարկությունների հիման վրա. - «2007 թվականից մինչեւ 2011 թվականի հունիսը ընկած ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ, որոնք որոշակի փոփոխություններ են կրել: Դրանցից ոչ մեկին Ադրբեջանը համաձայնություն չի տվել»:

Նալբանդյանի խոսքով, իրենց մերժումներն ադրբեջանցիները հիմնավորում են պնդելով, թե այդ տարբերակները ներկայացվում են միայն մեկ համանախագահող երկրի կողմից` ակնարկելով Ռուսաստանը, մինչդեռ Մինսկի խմբի համանախագահները եւ համանախագահող երկրների ղեկավարները բացմիցս լիակատար աջակցություն են հայտնել ՌԴ նախագահի ջանքերին:

«Վերջին տարիներին հասնելով մի հանգրվանի, երբ իր մոտեցումները ակնհայտ հակասության մեջ են մտել միջազգային հանրության դիրքորոշման հետ` Բաքվի իշխանությունները փորձում են ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից, եւ Ադրբեջանի համար խնդիր է դարձել, թե ինչպես բարդել պատասխանատվությունը այլ կողմերի վրա: Պարզ է, որ դրանում էլ Ադրբեջանը ձախողվում է», - հայտարարեց արտգործնախարարը` եզրափակելով. - «Մեր դիվանագիտության կողմից ձեռնարկվել են քայլեր, որոնք բերել են որոշակի արդյունքների: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք այսօր ասում ենք` մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցմանը: Կարծում եմ, որ սխալված չենք լինի ասելու, որ միջազգային հանրության դիրքորոշումն է համահունչ մեր դիրքորոշմանը»:

please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG