Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօրվա արտահերթ նիստում նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանին միաձայն ընտրեց հանձաժողովի նախագահ:

Մուկուչյանի օգտին քվեարկեցին հանձնաժողովի բոլոր 7 անդամները, այդ թվում ինքը` Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ-ի նոր նախագահը անցած տարվա նոյեմբերից զբաղեցնում էր վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը: Անցած շաբաթ նախագահի հրամանագրով նրա լիազորությունները դադարեցվեցին, ինչից հետո Վճռաբեկ դատարանի առաջադրմամբ Սերժ Սարգսյանը Մուկուչյանին նշանակեց ԿԸՀ-ի անդամ:

«Հանձնաժողովը նպատակահարմար է գտել առաջարկելու իմ թեկնածությունը` հաշվի առնելով նաեւ այն կենսափորձը, որը ունեցել եմ», - նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց նորընտիր նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե, լինելով ԿԸՀ անդամ, 1996 թվականին, երբ ընդդիմությունը վիճարկում էր ընտրությունների արդյունքները, ինքը պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, 2003-ին, երբ Ստեփան Դեմիրճյանն էր վիճարկում նախագահական ընտրությունների արդյունքները, ինքը պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին, եւ հարցին, թե արդյոք գալիք ընտրությունների ժամանակ պաշտպանելու է բացառապես Սերժ Սարգսյանին, Մուկուչյանը արձագանքեց. - «Խնդիրը վերաբերել է ոչ թե այս կամ այն թեկնածուի պաշտպանությանը, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկմանը: Երկու դեպքում էլ պաշտպանվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման իրավաչափությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իշխանությունների կողմից ճնշումների պարագայում պատրաստ է արդյոք հրաժարվել պաշտոնից, Մուկուչյանը արձագանքեց. - «Կարծում եմ, նման իրավիճակներ ուղղակիորեն չեն լինի»:

ԿԸՀ-ի նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ իրականում Տիգրան Մուկուչյանի ընտրությունը կայացել է ոչ թե այսօրվա նիստում, այլ իշխանական բարձրագույն ատյաններում. - «Կանխատեսելիության չափազանց պարզունակ մակարդակի վրա իջեցնել արդեն ինչ-որ մեկի կաբինետում կայացված որոշումը, դա ներկայացնել որպես ընտրություն, այսինքն` ձեւավորել ընտրությունների պատրանք… Դա որոշվել է նախագահի կաբինետում, եւ սա հենց բռնապետության տիպիկ օրինակն է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG