Մատչելիության հղումներ

Ռուսական ֆիլմը հայկական մեկնաբանությամբ


3 ամիս նախապատրաստական փուլ, մեկ ամիս դերակատարների ընտրություն, 48 օր նկարահանումներ եւ 2012 թվականին ռուս հանդիսատեսի դատին կհանձնվի ռուսական «Стрелок»` «Հրաձիգ» 4 մասից բաղկացած ֆիլմը:

Ռեժիսոր Արման Գեւորգյանի խոսքով` ֆիլմում դիպուկահարները պայքարում են ահաբեկչության դեմ:

Դեպքերը տեղի են ունենում Հյուսիսային Կովկասում: Ֆիլմի գլխավոր հերոսները` հայ եւ ռուս դիպուկահարները նաեւ մտերիմ ընկերներ են: Հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվում է հայ դիպուկահարը, իսկ ռուս ընկերը խոստանում է վրեժ լուծել ընկերոջ մահվան համար:

«Դժվար է ասել, որ սա միայն մարտաֆիլմ է, փաստորեն դրամատիկ լուծումներ կան, կարել է ասել` ինչ-որ չափով դրամայի ու մարտաֆիլմի միքս է», - ասում է Գեւորգյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են ռուս դերասանները: Դերասան Եվգենի Բերեզովսկիի համար հետաքրքիր է սցենարական լուծումը. պատերազմ, որի ընթացքում ստեղծվող տարբեր իրավիճակներում իր մարմնավորած հերոսի կերպարը փոխվում է մի քանի անգամ:

Դերասան Վիգեն Ստեփանյանը խոստովանում է, որ մարտաֆիլմում երբեք չի նկարահանվել ու դրանով դերն իր համար արդեն հետաքրքիր էր, հետաքրքիր էր նաեւ հերոսի գաղափարական կերպարը:

«Ոչ գլխավոր դերերից մեկում եմ: Ալին ուզում է ապրել արդար: Ռուս ա, չեչեն ա, արաբ ա, ով ա` դա չի էականը: Երբ որ գալիս են ու այդ մարդկանց հողի վրա կռվում են վարձկան, օտարազգի զինվորները, որոնց բացի փողից ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, այն, ինչի համար մարդիկ պայքարում են` իրենց ազատության, սուրբ գաղափարների համար, խնդիրն անմիջապես մեծանում ու ավելի հստակ է դառնում նման մարդու վերաբերմունքը դեպի իրավիճակները», - նշում է Ստեփանյանը:

Ֆիլմի կասկադյորական հնարքներն ու պատերազմական տեսարաններում պայթունները իրականացնում է Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիան: Ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանի խոսքով` պատերազմական տեսարաններ նկարելը հեշտ գործ չէ, քանի որ մի քանի վայրկյան տեւող տեսարանների համար պարապում են օրերով ու ամիսներով:

Այրված դիակներ, արյունոտ դեմքեր: Այսպիսին էին օրվա կերպարները: Նկարահանումն ընդմիջվում է մի փոքր հանգստանալու համար: Դերասանները հանգստանում են, զրուցում նկարահանման ընթացքից ու հանկարծ. - «Չգիտեմ իտալացիներ էին, թե գերմանացիներ` 70-ն անց: Իրար հետեւից շատ լուրջ իջան ավտոբուսից, մեկ էլ եկան մեզ ընդառաջ ու ինչ հիստերիկ բղավոցներ, անմարդկային ճիչ: Այսինքն ամեն ինչ սպասում էին, բայց ոչ նման դեմքեր», - պատմում է Վիգեն Ստեփանյանը:

Ֆիլմի պրոդյուսերը նշում է, որ ֆիլմը վստահեցին հայ երիտասարդ անձնակազմի, քանի որ իրենց հետաքրքիր էր տեսնել ռուսական ֆիլմի հայկական մեկնաբանությունն ու հայկական նկարահանող խմբի աշխատանքը, ու մինչ այս պահը դա իրեն գոհացրել է: Նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Դիլիջանում: Այս պահին նկարահանումներն ընթանում են Ամբերդում, հետո կշարունակվեն Գառիում ու Երեւանում: Այնուհետեւ նկարահանող խումբը կմեկնի Մոսկվա` ֆիլմն ավարտին հասցնելու համար:

Ֆիլմի պրեմերան նախատեսվում է 2012-ի փետրվարի 23-ին Մոսկվայում: Դեռ պարզ չէ, թե հայ հանդիսատեսը այն դիտելու հնարավորություն կունենա, թե` ոչ, սակայն պրոդյուսերի խոսքով` նախնական պայմանավորվածություն կա հայկական հեռուստաընկերություններից մեկի հետ:

XS
SM
MD
LG