Մատչելիության հղումներ

Լուծվող սուրճի ոլորտում գերիշխող դիրք գրավող ընկերությունը չի պատրաստվում վճարել 20 միլիոն դրամի տուգանքը, որը երկուշաբթի կայացած նիստում կիրառվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից: «Մոկոնաթ» ՍՊԸ-ն ՏՄՊՊՀ-ի որոշումը կվիճարկի դատարանում:

Հանձնաժողովի նիստում որոշվեց, որ «Մոկոնաթ» ՍՊԸ-ն, չարաշահելով գերիշխող դիրքը, գերշահույթներ է ստացել:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները մի շարք խախտումներ են հայտնաբերել ընկերությունում` դեմպինգ, խտրական գների կիրառում եւ անհիմն գնաճ: Հանձնաժողովի նախագահի օգնական Արման Մանասերյանը, իր ելույթում թվարկելով խախտումները, ասաց, որ ընկերությունը ոչ միայն ինքնարժեքից ցածր սուրճ է իրացրել, այլեւ ցածրորակ սուրճը վաճառել է բարձրորակի գնով:

«Եկել ենք այն եզրահանգման, որ ընկերությունը 15 տոննա ցածրորակ սուրճը վաճառել է բարձրորակ սուրճի ներքո, այդպիսով չհիմնավորված բարձր գին է կիրառել, միաժամանակ տարբերակված մոտեցում է կիրառել` մի մասի նկատմամբ 1050 դրամով, մի մասին նկատմամբ` 3300 դրամով», - ասաց Մանասերյանը:

Հանձնաժողովը ուսումնասիրությունները վերաբերում են ընկերության 2008, 2009, 2010 թվականների գործունեությանը: Ըստ ՏՄՊՊՀ ներկայացված փաստաթղթերի` լուծվող սուրճը գնվել է 820 դրամով, սակայն վաճառվել ձեռքբերման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով` ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը եւ վարել է հակառակ քաղաքականությունը. 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով:

Լուծվող սուրճի ներկրման շուկայի 2/3-ը զբաղեցնող ընկերության ներկայացուցիչ Դավիթ Անանյանը ՏՄՊՊՀ նիստում հայտարարեց, որ հանձնաժողովի բերած փաստարկները ճիշտ չեն, որ իրենք խախտումներ թույլ չեն տվել, իսկ ներկայացրած թվերը հանձնաժողովի վատ աշխատանքի հետեւանք են:

Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե «հանձնաժողովը որեւէ միտում չունենալով է վատ աշխատել»: Նրա խոսքով` հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո ընկերության միջազգային գործընկերները հրաժարվել են համագործակցությունից:

«Մենք մեր բարի համբավը կորցրել ենք մատակարարների աչքում, եւ նրանք այլեւս կրեդիտային համակարգերով չեն ուզում մեզ ապրանք մատակարարել, ուզում են, որ սկզբից մենք կանխավճար ուղարկենք, հետո նոր ապրանքը ուղարկեն», - ասաց Անանյանը:

2007 թվականից գործող ընկերության ներկայացուցիչը եզրակացնում է, թե Հայաստանում, փաստորեն, առանց օլիգարխիայի բիզնես զարգացնել չի լինի:

«Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարիների ընթացքում տնտեսական գործունեությունները կամ տնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը շատ սուբյեկտիվ բնույթ ունեն: Տնտեսվարող սուբյեկտները ապահովագրված չեն օրենքով, նրանք ապահովագրված են պետական չինովնիկի բարեխղճությամբ», - ասաց Անանյանը` ամփոփելով. - «Միակ ելքը նոր ընկերություն հիմնելն է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG