Մատչելիության հղումներ

Դեսպան Սեյրանյանը այցելել է Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոց


Սեպտեմբերի 17-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը: Այն հիմնադրվել է 1997 թվականին Պրահայի հայ համայնքի ակտիվիստների կողմից։ Դպրոցում, որը հիմնադրման օրվանից ղեկավարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակից Արմեն Քոլոյանը, կա շուրջ երեսուն աշակերտ: Դպրոցում դասավանդվում են հայոց լեզու եւ գրականություն, պատմություն, կրոնի եւ Հայ Առաքելական եկեղեցու պատմություն եւ երգեցողություն:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, դեսպանը շնորհավորել է դպրոցի անձնակազմին, աշակերտներին եւ ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ կարեւորել սփյուռքահայ կրթօջախների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի կրթության եւ դաստիարակության, հայապահպանման եւ համայնքների համախմբման գործում:

Հայաստանի դեսպանը համառոտ ներկայացրել է Չեխիայում Հայաստանի նորաբաց դեսպանության գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել դպրոցի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG